Դավիթ Հարությունյանի եղբայրը դատարանում անառողջ մթնոլո՞րտ է ստեղծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց «Հին Էրիվան» -«Յունիբանկ» դատական վեճի քննությունը` դատավոր Ալեքսանդր Սուքոյանի նախագահությամբ:

Նիստին պարտատեր կողմը միջնորդություն ներկայացրեց` փորձաքննություն նշանակելու մասին: Կողմը հայտնեց, որ իրենք վստահ չեն, թե «Հին Էրիվանի» կողմից ներկայացված հրամանի տակ կնքված ստորագրությունը «Հին Էրիվանի» տնօրեն Արսեն Դանիելյանի կողմից է արվել:

Պարտատու կողմը ընդմիջում խնդրեց դատարանից` հարցը իրենց վստահորդի հետ քննարկելու համար, ապա հայտարարեց, որ իրենք առարկում են միջնորդությանը, քանի որ այդ հրամանի վերաբերյալ արդեն շատ է խոսվել:

«Կողմը ներկայացնում է միջնորդություն, հետո ասում է ընկերության տնօրենն է, թե ոչ: Առարկում եմ դրա դեմ»,- ասաց «Հին Էրիվանի» ներկայացուցիչը:

Սրա դեմ իր դիրքորոշումը հայտնելու համար մյուս կողմը նույնպես ընդմիջում խնդրեց:

Ընդմիջումից հետո հայտարարեց, որ իրենց համար անհասկանալի է մյուս կողմի առարկությունը:

«Մենք հանգամանալից ներկայացրել ենք, որ կասկածում ենք ստորագրության իսկության վրա: Պարտապանն էլ է գիտակցում, որ փորձաքննությունը ճիշտ է: Մենք կարող ենք հաղորդում իրականացնել: Մեր վստահորդը կասկածում է` տվյալ գործի շրջանակներում պնդել միջնորդությունը, թե դիմել այլ քայլերի, բայց թերևս տվյալ գործի շրջանակներում էլ պաշտպանենք»,- ասաց «Յունիբանկի» ներկայացուցիչը:

Սրան ի պատասխան պարտապան կողմը նշեց, որ իրենք չեն կարող փարատել մյուս կողմի կասկածները, քանի որ փորձագետ չեն: «Կխնդրեի նաև կառավարչի խոսքը լսել, նրա գրության պատճենում նշված էր, որ ինքը ազատվել է աշխատանքից»,- նշեց կողմը:

Տեղեկացնենք, որ նիստերի դահլիճում ներկա պարտատեր Գևորգ Կարապետյանն իր խոսքում նշեց, որ փորձաքննության անհրաժեշտության չկա: Նույն տեսակետն արտահայտեց նաև պարտատեր Արթուր Մինասյանը:

Դատարանը բավարարեց փորձաքննության վերաբերյալ միջնորդությունը` այն ներկայացնող կողմից ճշտելով, թե ում են իրենք ցանկանում վստահել փորձաքննությունը: «Յունիբանկի» ներկայացուցիչը հայտնեց, որ փորձաքննությունը պետք է իրականացնի ՀՀ Ոստիկանության համապատասխան բաժինը, ինչի դեմ առարկություն հայտնեց մյուս կողմը, հավաստիացնելով, որ «Յունիբանկը» սերտ առնչություններ ունի այդ կառույցի հետ, և փորձաքննության եզրակացության հավաստիությունը կարող է կասկածի տակ դրվել:

Դատարանը հայտարարեց, որ ինքը կորոշի` ում է հանձնարարվելու փորձաքննության իրականացումը:

Ապա ելույթ ունեցավ «Հին Էրիվան» հոլդինգի սնանկացման գործով կառավարիչ Ռուբեն Խալաթյանը, ով հայտնեց, որ ինքը ինքնաբացարկ է ներկայացրել, ինչը, սակայն, չի ընդունվել:

Սրան ի պատասխան` դատավոր Ա.Սուքոյանը նշեց, որ կառավարիչն ազատ վարիչ չէ՝ նա գործում է իր իրավունքների սահմաններում:

Դատական նիստի ավարտին լրագրողների հետ առանձնազրույցում «Հին Էրիվան հոլդինգի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը վստահեցրեց, որ դատավարությունն ամբողջովին կանխամտածված է ընթանում: Նրա համար անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է դատարանն ասել` չի կարելի անընդհատ իրար կասկածել:

«Ինքը մեր դրությունը կասկածի տակ է դնում, մեր տնօրենի ստորագրությունը կասկածի տակ է դնում: Հետո էլ փորձաքննություն են պահանջում: Մեզ էլ ասում են չի կարելի կասկածել: Ո՞նց չի կարելի կասկածել: Իրենք իրավունք ունեն կասկածելու, մենք չէ՞»,- ասաց հոլդինգի սեփականատերը:

Վերջինս, անդրադառնալով կառավարչի հրաժարականին, նշեց, որ իրենց նախօրեին են իրազեկել նոր կառավարիչ նշանակելու առաջարկի մասին` ներկայացնելով Հրանտ Ղամբարյանի թեկնածությունը:

Տեր-Առաքելյանը համոզված է, որ կանխակալությանը նպաստում է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբոր` Վահան Հարությունյանի ներկայությունը նիստերի դահլիճում:

«Հարգարժան Դավիթ Հարությունյանի եղբոր ներկայությունն արդեն իսկ ճնշում և կանխակալ է դարձնում դատարանին այն առումով, որ իրենց բոլոր միջնորդություններն ընդունվում են, և կասկածի տակ դրված ամեն ինչ դատարանն ընդունում է որպես պատշաճ ծանուցում: Իսկ մեր կառավարիչը հրաժարական է տվել, ինչու՞ չեն ընդունում»,- ասաց Մանվել Տեր-Առաքելյանը` միաժամանակ նշելով, որ բանկին պետք է, որպեսզի Ռուբեն Խալաթյանը կառավարի:

Նրա համոզմամբ` կանխակալ է և կառավարիչը, և քննության ողջ ընթացքը, և Վահան Հարությունյանի ներկայությունից անառողջ և անարդար մթնոլորտ է ստեղծվում:

«Հին Էրիվանի» սեփականատերը համոզված է, որ դատական ողջ գործընթացն ուղղորդված է դեպի «Յունիբանկ»:

Տաթև Հարությունյան




Լրահոս