ՀԱՐՑ. Ինչպե՞ս իմանանք` Հայաստան ներկրվող շամպունների ու հեղուկ օճառների բաղադրությունն ինչպիսին է: Շամպուններն օգտագործելիս զգում եմ, որ դրանք անորակ են (համեմատում եմ արտասահմանում գնված շամպունների հետ): Լսել եմ նաեւ, որ եղել են դեպքեր, երբ շամպունի տուփի մեջ ամանի հեղուկ է լցված եղել: Կա՞ մի կառույց, որը զբաղվում է նման տիպի ապրանքների բաղադրության ուսումնասիրմամբ:
օտար լեզվի մասնագետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ` այստեղ հարցն անազնիվ եւ ազնիվ մրցակցության մասին է, եւ ընդհանրապես, եթե վատ որակի է ու սպառողների պահանջներին չի բավարարում, ապա դա մրցակցության կարգի խախտում է: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կա շուկայի սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն, եւ հենց այդ կառույցն էլ, եթե բողոքներ լինեն, պարտավոր է վերահսկել նման տիպի ապրանքները: Մեր օրենսդրությամբ պարտադիր սերտիֆիկացման հասկացողությունը չի պարտադրում սահմանի վրա բաղադրությունն ուսումնասիրել: Միայն ընթացքում, երբ ապրանքները մտնում են Հայաստան եւ տարածվում, նոր այդ տեսչության ֆունկցիան է հետեւել ու բացահայտել որակական շեղումները: Նախկինում` նույնիսկ դեռ երկու տարի առաջ, գոյություն ուներ սահմանի վրա պարտադիր սերտիֆիկատի որակի ստուգում, իսկ այժմ օրենքը փոխվել է, եւ նման տիպի ապրանքները վերահսկվում են վաճառքի ցանցում, եւ դա իրականացվում է էկոնոմիկայի նախարարության` շուկայի սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կողմից:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն ստացվում է` հանրապետություն ինչ աղտեղություն ներկրվի, մինչեւ վաճառքի ցանց հասնելը դրա բաղադրությունը որեւէ մեկին չի հետաքրքրում: Իսկ խանութում հայտնվելուց հետո մատակարարն ու վաճառողը, պարզ է, որ մեկը մյուսից շահագրգռված են լինելու այն հնարավորինս արագ իրացնել: Ու ստացվում է, որ եթե անգամ երբեմն-երբեմն ստուգող կառույցները հետաքրքրվեն տվյալ ապրանքատեսակով եւ նույնիսկ ինչ-որ բան հայտնաբերեն, միեւնույն է, դրանից զգալի քանակությամբ արդեն իրացված կլինի: