Քառյակի գործունեության շնորհիվ Հայաստանում ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ, որն ունեցավ կարևոր հետևանքներ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով` առաջին արդյունքն այն է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը զոհաբերվեց, երկրորդ արդյունքը կոալիցիայի քանդվելն էր, և ՀՀԿ-ն մնացել է մեն-մենակ:
«Քվեարկվել է 70 ձայն, որից երեքը կեղծվել է: Տեսանյութ կա, թե ինչպես է երկու հանրապետական քվեարկում բացակա պատգամավորների փոխարեն: Այսօր էլ կարդացի, որ Համլետ Հարությունյանն էլ է ուրիշի փոխարեն քվեարկել:
Երկու ձայնը հարբած վիճակում պատգամավորներ են եղել, ում բերել են դահլիճ, որ անգիտակից վիճակում քվեարկեն: Դուք նման բան տեսե՞լ էիք, որ ստիպված լինեն հարբած պատգամավորների քերել և բերել դահլիճ:
Հաջորդը ահաբեկել են Կարեն Բոթոյանին. սա նշանակում է, որ այնպիսի վիճակում են եղել, որ ՕԵԿ-ից 1 ձայն են պոկել: Երեկ տեղի ունեցածը խայտառակություն էր», – եզրափակեց նա:
Նրա խոսքով` այս ամենը նշանակում է, որ իշխող կուսակցությունը գտնվում է ԱԺ-ում իր մեծամասնությունը կորցնելու եզրին:
Հիշեցնենք, որ երեկ քվեարկությունից առաջ պատգամավորներ Առաքել Մովսիսյանը, Արայիկ Գրիգորյանը խորհրդարանում գտնվում էին ալկոհոլի ազդեցության տակ: