«Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամներ Դավիթ Գևորգյանն ու Դավիթ Հարությունյանն այսօրվա մամլո ասուլիսում անդրադարձան ուղևորափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների պնդումներին, թե նրանք վնասով են աշխատում:
«Յուրաքանչյուր ասուլիսից հետո ուղևորափոխադրողները հայտարարում են` երեք օրից տրանսպորտ չի լինելու, ձմռանը տրանսպորտ չի լինելու, սակայն ինչպես տեսնում ենք, հասարակական տրանսպորտն աշխատում է»,- հայտարարեցին երիտասարդները:
Նրանց համար անհասկանալի է ուղևորափոխադրողների այն հայտարարությունը, թե 10 տարի շարունակ գծատերերը վնասով են աշխատում և կորցրել են 10 մլն դոլար. «Ի՞նչ է, մեր գծատերերը բարեգործներ են, որոնք ժողովրդին լավություն են արել»:
Շարժման ներկայացուցիչները հայտարարերցին, քաղաքապետարանը փորձում է տրանսպորտի սակագինը բարձրացնել մեկ միասնական օպերատորի համակարգը մտցնելով, որը հերթական թալանի ծրագիրն է:
Բանախոսները հնչեցրին գծատեր-պաշտոնյաների անուններ` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան, Մհեր Սեդրակյան, Սամվել Ալեքսանյան, Տարոն Մարգարյան:
armlur.am-ի հարցին` ինչով է մեկ միասնական օպերատորի ծրագիրը թալան, Դավիթ Գևորգյանի խոսքով` տարբերություն չկա` գծատերերի պահանջով է տրանսպորտի սակագինը բարձրացվում, թե` մեկ ընկերության կողմից:
«Կիսավտորիտար ռեժիմը ցանկանում է իր եկամուտներն ավելացնել»,- ասաց պատասխանեց Դավիթ Գևորգյանը:
Նրանց խոսքով` իրենք պայքարելու են տրանսպորտի թանկացման դեմ, եթե հանկարծ Տարոն Մարգարյանը իրենց խոսքով նման «ղալաթ» անի: