ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ական պատգամավոր Կարեն Բոթոյանին իրենք են հեռացրել խմբակցությունից: Նա տեղեկացրեց, որ Բոթոյանի նկատմամբ կառավարության անդամների կողմից եղել են ճնշումներ, և նրան պարտադրել են կողմ քվեարկել կառավարության ծրագրին:
Բիշարյանը, հղում կատարելով մամուլում հրապարակված նյութերին, ասաց, որ նրան սպառնացել են, որ կողմ քվեարկի, իսկ եթե ոչ, նրան պատկանող օբյեկտներում կսկսվեն ստուգումներ:
«Նա ասաց՝ ես կողմ եմ քվեարկելու, դրա համար խմբակցությունից դուրս եմ գալու: Նրա ոչ ճիշտ և ազնիվ պահվածքի պատճառով նրան դուրս հանեցինք խմբակցությունից»,- ասաց Բիշարյանը: Իշխան Խաչատրյանն էլ հավելեց, որ ինքը հարց կբարձրացնի ՕԵԿ քաղխորհրդի նիստում, որ Բոթոյանին հանեն նաև կուսակցությունից:
Հիշեցնենք, որ երեկ` Կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ ՕԵԿ խմբակցության անդամ Կարեն Բոթոյանը հայտարարեց, որ ինքը դուրս է գալիս խմբակցությունից և կողմ է քվեարկելու Կառավարության ծրագրին: