Մոսկվան չի հրաժարվում Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպումից, սակայն մայիսի 27-ը ռուսական կողմի համար հարմար ժամկետ չէ: Ինչպես տեղեկացրել է rosbalt.ru-ն, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը:
«Կարծում եմ՝ այժմ դժվար է պատասխանել (ժամկետների վերաբերյալ) հարցին, քանի որ, ինչպես գիտեք, մենք վերջին երեք շաբաթվա ընթացքում փորձում էինք հասնել այդ նիստի անցկացմանը, և պատրաստ էինք այն անցկացնել նույնիսկ երեկ կամ այսօր: Այդ պատճառով ես պատրաստ չեմ ասել՝ կլինի դա հաջորդ շաբաթ, թե՝ ավելի ուշ», – ասել է դիվանագետը:
Նա նշել է, որ մայիսի 27-ը ռուսական կողմի համար բացարձակապես հարմար չէ: Ավելի վաղ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գլուշկոն հայտարարել էր, որ ՌԴ-ն նախաձեռնել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի արտակարգ նիստ անցկացնել Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակի պատճառով, և որ այն պետք է անցկացվի հնարավորինս շուտ: