Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, թե իրենց խմբակցության անդամ Կարեն Բոթոյանի նկատմամբ հանրապետականները ճնշում են գործադրել, որն էլ դարձել է նրա` խմբակցությունից դուրս գալու պատճառը:
Արդեն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե ինքը սպասում էր, որ նման մեղադրանքներ կլինեին, սակայն դրանք անհիմն են: Նա պնդեց, թե ուսումնասիրել է վերոնշյալ պատգամավորի գործունեությունը և տեսել, որ նա շատ ժամանակ տարբեր կերպ է քվեարկել:
Անդրադառնալով արդեն այն փաստին, որ երեկ Կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ պատգամավորները քվեարկել էին մեկը մյուսի փոխարեն, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց.
«Բոլոր պատգամավորներն էլ միշտ ներկա են լինում և զանգել-կանչելու կարիք չի եղել: Նախօրոք հայտարարաված է եղել ժամը, ուղղակի պատգամավորներն իրենց աշխատասենյակներում են եղել: Որևէ խառնվածություն չի եղել: Մենք ուրիշի փոխարեն քվեարկելու կարիք չենք ունեցել»,- ասաց Բաղդասրայնաը, հավելելով, թե կուսումնասիրի այն տեսագրությունները, որոնցում երևում է, և կդատապարտի, որ էլ նման երևույթներ չկրկնվեն:
Հիշեցնենք, որ տեսագրություններ կան, որտեղ երևում է, որ երեկ հանրապետական պատգամավորներից մի քանիսը քվեարկել է իրենց բացակա գործընկերների փոխարեն: