ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆՈՎ ՇԱՀՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2010թվականի հունվարի 1-ից ներդրվեց ՀԴՄ կտրոններ պահանջելու պրակտիկան: Բոլոր հնարավոր միջոցներով կառավարությունը եւ  նրա խոսափողները ազգաբնակչությանը «համոզում», «խնդրում», «պահանջում», «հորդորում»  էին, որ  ցանկացած գնումի դեպքում պահանջեն ՀԴՄ կտրոնը:Ասվում էր, որ բացի անձնական գումար շահելու հնարավորությունից,  գիտակից քաղաքացին կօգնի ավելացնելու հարկային մուտքերը պետական բյուջե, իր  ավանդը կբերի կառավարության «անմնացորդ  պայքարին»`  ստվերը կրճատելու գործում եւ նմանատիպ կարգի հայրենասիրական  այլ գրոհներ`  տնտեսական թեքումով: Պետական բյուջեն   ծախսեց  միլիոնավոր  դրամներ` կառավարության նախաձեռնության  գովազդը ապահովելու համար:Անգամ այն մարդիկ եւ ուժերը, որոնք որեւէ  լավ բան  չեն սպասում գործող կառավարությունից` հաշվի առնելով նրա ծագումնաբանությունը, մասնավոր զրույցներում  խոստովանում էին, որ իշխանությունները ստիպված  կլինեն  գոնե մի փոքր  թեթեւացնել  իրենց գրպանները, այսինքն` ստվերը կկրճատվի:Անցած  տարվա ընթացքում բոլորս ականատես դարձանք, որ ՀԴՄ կտրոն տալիս է ցանկացած  տնտեսվարող սուբյեկտ, անկախ նրանից` ցանկանո՞ւմ եք վերցնել,  թե՞ ոչ: ՀԴՄ կտրոն  տալիս էին «Ֆլեշ», «Միկա» բենզալցակայանները, «Մուլտի գրուպ»  գազալցակայանները, «Սաս», «Սթար», «Երեւան սիթի» սուպերմարկետները: Մի խոսքով, «սուրբ  կով» չկար: Անհամբեր սպասում էինք, որ տարին ամփոփելուց հետո ականատեսն ենք լինելու իսկապես «կովկասյան վագրի»  թռիչքին եւ անգամ  ներելու ենք  կառավարության ղեկավարի «հայկական աշխարհ» լիրիկական շեղումները: Հաջողակ վարչապետը կարող է իրեն թույլ տալ նման «հոբբիներ»:Նման հույսերը հիմնավորված էին նաեւ բարձր գնաճով, ինչպես նաեւ՝ իշխանությունների հայտարարություններով, թե 2010 թվականը հետճգնաժամային տարի է`  ապացույց ՀՆԱ-ի աճը: Այս երկու գործոնները  պետք է որ էականորեն մեծացնեին մանրածախ  առեւտրի շրջանառությունը եւ որպես հետեւանք`  ավելացնեին հարկային մուտքերը:  Սակայն, ինչպես միշտ, տարբեր բաներ են տրամաբանությունը, համաշխարհային տնտեսության կանոնները եւ Հայաստանում ձեւավորված քրեաօլիգարխիկ համակարգի ախորժակը: Եվ այսպես, 2010 թվականին մանրածախ  առեւտրի շրջանառությունը  2009 թվականի նկատմամբ աճել է ընդամենը 0,6 տոկոսով: Մեկը հարցնի, թե որ 0,6 տոկոսով պետք է աճեր, բա հսկայածավալ  շոուն ո՞ւմ էր անհրաժեշտ, թե՞ դա ընդամենը խնդիր էր յուրայիններին հսկողության տակ պահելու համար: Կառավարությունն այդ քայլով ընդամենը խնդիր ուներ «գույքագրելու» օլիգարխների ունեցվածքը, որ հանկարծ որեւէ մեկի մտքով չանցներ «քցել»: Բացառված չէ, որ 2010 թվականի հարկային մուտքերը մի լավ  ուսումնասիրելուց   հետո, իշխանությունները պատժեն մի երկու օլիգարխի, բայց ոչ թե հարկեր չվճարելու, այլ  իրենց խաբելու համար: Այս հանգամանքով էր պայմանավորված նաեւ կառավարության` խոշոր հարկատուների ձեռնարկություններ հարկային տեսուչ «գործուղելու» նախաձեռնությունը: Գնացին, հասկացան, բացատրեցին, թե խոշորները  որքան գումար են գցում իշխանություններին, որեւէ բացահայտում չարեցին հասարակության համար եւ սուսուփուս վերադարձան: Հատկապես այս եզրահանգմանը  կարելի է գալ` ուշադիր համեմատելով  2009 եւ 2010 թվականների 1000 խոշոր  հարկատուների վճարած  հարկերի ցանկերն ուսումնասիրելիս: Ով իրենց  չի խաբել, թողել են 2010-ին ավելի  քիչ հարկ  վճարի, քան 2009-ին: Իսկ ով հանդգնել է  ճարպկություն անել` պատժվել է: Բոլորը կարող են փաստել, որ «Սթար» սուպերմարկետների ցանցում չկա նախկին ակտիվությունը: Սակայն «Սթար Դիվայդ»  կազմակերպությունը, ում պատկանում է խանութների ցանցը, 2010 թվականին վճարել է 230 միլիոն ավել հարկ, քան 2009-ին, երբ Երեւանում դեռեւս տարածում չէր գտել «սիթիմանիան»: Մի խոսքով, թե մեկը կար, որ շահեց  ՀԴՄ կտրոնների պատմությունից, դա թերեւս  դերասան  Հրանտ Թոխատյանն էր եւ նաեւ  այդ կտրոնների ներմուծող,  ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ 




Լրահոս