Հարկային ծառայությունները դարձան վճարովի. Վահագն Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվապահական հաշվառման  մասին օրենքի քննարկումը, ինչպես հայտնի է, ընդդիմադիր պատգամավորների մտահոգությունն առաջացրեց: Օրենքի համաձայն, որն ընդունվեց ձայների մեծամասնությամբ, հանվել է  խոշոր ընկերություններում պարտադիր աուդիտի անցկացումը:  Ընդդիմադիր պատգամավորների մտահոգությունն այն էր, որ պարտադիր աուդիտը հանելով խրախուսվում է  ստվերը:

Armlur.am-ի հետ զրույցում  տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, խոսելով պարտադիր աուդիտի  հանման  մասին, ասաց, որ  այստեղ կոռուպցիոն լուրջ ռիսկեր  կան:

«Հարկ վճարողների շերտավորում է տեղի ունենում, գործարարներ, որոնք կարող են գումար վճարել, դրան զուգահեռ հարկային մարմինները կգան կստուգեն և դրանով կավարտվի գործարարների հարաբերությունները  հարկային մարմինների հետ:  Այսինքն` հարկային ծառայությունները մեզ մոտ վճարովի դարձվեցին: Այսինքն` հարկային մարմինը դարձավ մասնավոր կառույց»,- պարզաբանում է Վահագն Խաչատրյանը` հավելելով. «Պարտադիր աուդիտի հանելը խրախուսում է ստվերը»:

Տնտեսագետը կարծում է` պարտադիր աուդիտի հետ մեկտեղ նախկինում պետք  է պատասխանատվության հարց էլ բարձրացվեր  նույն աուդիտ իրականացնող կազմակերպության կողմից. «Անընդունելի է, երբ  պետական պարտականությունները դրվում են մասնավոր կառույցի վրա: Օրենքի այս փոփոխությունը կարմիր գծերի նման մի բան է»:

Պարտադիր աուդիտը ներդրվել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի  օրոք, իսկ նոր կառավարությունը ի դեմս Հովիկ Աբրահամյանի, հրաժարվեց  պարտադիր աուդիտի ինստիտուտից:

Փաստորեն, նախկին և ներկա կառավարությունների առաջին և հրապարակավ հակասությանն ենք ականատես լինում: Տնտեսագետը համաձայնեց հարցադրմանը, ասելով, որ նախկին և ներկա վարչապետներն այս առումով իրականացնում են տարբեր քաղաքականություն:

Սոնա Դավթյան

Լուսանկարը՝ panarmenian.net-ի:




Լրահոս