Պահանջում են կրճատել Հայաստանում ցմահ դատապարտվածների թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի հասարակական կազմակերպություններ դիմում են հղել նախագահին, Ազգային Ժողովի, Սահմանադրական դատարանի նախագահներին, արդարադատության նախարարնին և Հանրային խորհրդի նախագահին` պահանջելով կրճատել Հայաստանում ցմահ դատապարտվածների թիվը:Ստորև ներկայացնում ենք դիմումը`”Հայաստանում կա 104 ցմահ դատապարտյալ, ինչը բավականին մեծ թիվ է մեր երկուսուկես միլիոնանոց բնակչության պարագայում: Սա մերկապարանոց դիտարկում չէ: ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը ևս մեր երկիր կատարած իր վերջին այցի ժամանակ մտահոգություն էր հայտնել ցմահ դատապարտվածների թվի վերաբերյալ: Օրերս ԱԺ-ում դատաիրավական բարեփոխումների փաթեթի լսումների ժամանակ նույն թեմային էր անդրադարձել նաև Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` նշելով. “Մեկ շնչի հաշվով ցմահ դատապարտվածների թիվը բավական շատ է մեր երկրի համար: Մեր երկրի չափ բնակչություն ունեցող երկրներից Էստոնիայում ցմահ ազատազրկվածները վեցն են, իսկ Սլովակիայում՝ չորսը”: Այս օրինակները կարելի է շարունակել: Այսպես` Նիդերլանդներ – 16.5 մլն բնակչություն- 120 ցմահ դատապարտյալ, Շվեդիա – 9.5 մլն բնակչություն- 170 ցմահ դատապարտյալ և այլն:Մենք` “Ցմահ ազատազրկում. ՀՀ նախագահի 2003 թ.-ի հրամանագրից մինչև 2011թ.-ի Քր.Օր.-ի վերջին փոփոխությունները” թեմայով կլոր սեղանի մասնակիցներս ևս, մեր մտահոգությունն ենք հայտնում Հայաստանում ցմահ դատապարտյալների մեծ թվի առնչությամբ: Նրանց 104 հոգանոց խումբը, սակայն, միատարր չէ. կան տարբերություններ` սկսած հանցանքը կատարելու պահին անձի տարիքից, դատվածությունների քանակից մինչև մեղադրանքի տեսակ և որակ: Մինչդեռ պատժի կիրառման հետ կապված որևէ տարբերակում, ըստ մեր օրենսդրության, նախատեսված չէ: Ավելորդ չենք համարում նշել, որ Հայաստանի ցմահ դատապարտյալների մեջ կան անձինք, ովքեր մեղադրվել են հանցագործությանը օժանդակելու մեջ, կան նաև 1 անձի սպանության մեղադրանքով դատապարտվածներից մինչև ութ մարդու սպանության համար դատապարտված անձինք, ինչպես նաև բազմակի դատվածություններ ունեցողներ: Ուստի ցմահ դատապարտյալների թվի կրճատման նպատակով առաջարկում ենք`1. Օրենքում վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու կարգը և կյանքի կոչել նրանց պահման ռեժիմների փոփոխման համակարգը` փակից անցում կիսափակի, հետո նաև` կիսաբացի, ինչպես արվում է եվրոպական մի շարք երկրներում: Ամենազարգացած փորձը Անգլիայում և Իտալիայում է:2. Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման պայմանները դարձնել ճկուն` հաշվի առնելով ցմահ դատապարտյալի տարիքը հանցանքը կատարելու պահին, դատվածությունների քանակը և այլն: Օրինակ`20 տարուց վաղաժամկետի շեմը իջեցնել 10-ի, եթե անձի 21 տարին լրացած չի եղել հանցանքը կատարելու պահին /Ֆիննլանդիայի փորձով/ կամ վաղաժամկետի շեմը իջեցնել 10-ի, եթե առաջին դատվածությամբ է անձը դատապարտվել ցմահ ազատազրկման /Բելգիայի փորձով/: Եվ առհասարակ, առաջարկում ենք իջեցնել ցմահ ազատազրկման պայմանական վաղաժամկետ ազատ արձակման շեմը 20-ից 15-ի:3. Հայաստանի 104 ցմահ դատապարտյալներից 15-ը ցմահ են դատապարտվել են զինվորական ծառայության ժամանակ կատարած հանցանքների համար` 18-20 տարեկանում: Մինչդեռ Ավստրիայում և Շվեդիայում եթե հանցանքը կատարելու պահին լրացած չի եղել անձի 21 տարին, օրենքով արգելվում է նրան ցմահ դատապարտել, քանի որ համարվում է, որ անձը լիարժեք ձևավորված չէ:Առաջարկում ենք Հայաստանի Քր. Օր.-ում փոփոխություն կատարել և ցմահ ազատազրկման տարիքային շեմը 18-ից դարձնել 21:4. Քր. Դատավարության Օրեսգրքում փոփոխություններ կատարել և իրեղեն ապացույց հանդիսացող իրերը չոչնչացնել, հատկապես երբ խոսք է գնում երկարատև դատապարտմանն ու ցմահ ազատազրկմանը: Գիտության զարգացմամբ և ԴՆԹ թեսթի կիրառմամբ իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ քիչ չեն աշխարհում դատական սխալների շտկումները և ուշացած հաղթանակները:5. Ո՛չ 2003 թ-ի նոր Քրեական օրենսգրքի ընդունմանը, ո՛չ էլ 2011 թ-ի մայիսի 23-ի Քր.Օր.-ի փոփոխություններին չհետևեցին ցմահ դատապարտյալների գործերի ուպատժաչափերի վերանայումներ: 2006 թ-ին և 2011-ին տեղի ունեցան զուտ ֆորմալ համապատասխանեցումներ: Կոչ ենք անում սկսել գործերի ռեալ, անհատական վերանայումներ` հաշվի առնելով նաև դատական սխալներ հավանականությունը:Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նաև Հայաստանում ցմահ ազատազրկման հետ կապված հետևյալ խնդիրներին.1.Դեռևս 2009 թ-ի հուլիսի 26-ին ՀՀ Նախագահի և Հանրային խորհրդի նախագահի անունով 12.500 ՀՀ քաղաքացիներից /կից ստորագրություններով/ դիմումներ են հանձնվել Նախագահի նստավայր և Հանրային խորհուրդ` Հայաստանում ցմահ դատապարտյալների խնդիրների լուծմանն ուղղված մի շարք առաջարկություններով http://www.hra.am/hy/events/2009/06/29/panishment Անցել է մոտ երեք տարի, սակայն առ այսօր որևէ պատասխան չի տրվել դիմումի հեղինակներին:2. Վերը նշված դիմումի մեջ առաջարկություն կար կրճատել որոշակի տարիներով պատժի առավելագույն չափի և ցմահ դատապարտության միջև եղած տարբերությունը` 15 տարվա ազատազրկումը` դարձնելով 20 տարի:3. 2011 թ-ի մայիսի 23-ին ԱԺ-ն ընդունեց “Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” նախագիծը, որով 15 տարվա պատժաչափը փոխարինվեց 20-ի: Օրենքի ընդունումից հետո 104 ցմահ դատապարտյալներից 97-ը դիմեցին դատարաններ` իրենց պատժաչափերի վերանայման խնդրանքով` համարելով, որ հիշյալ փոփոխությունը հետադարձ ուժի սկզբունքով բարելավում է ցմահ դատապարտության տեսակետից: Սակայն և ոչ մի գործով պատժաչափի փոխարինում 15-20 տարվա միջակայքում տեղի չունեցավ դատարաններում: Արդյո՞ք սա նշանակում է, որ 97 –ն էլ, եթե դատապարտվեին մեր օրերում, բոլորն էլ կդատապարտվեին ցմահ ազատազրկման:Մենք`այս կլոր սեղանի մասնակիցներս, համոզված ենք, որ ցմահ դատապարտյալների հարցում օրենսդրական ճկուն մեխանիզմներ ստեղծելով և գործերի վերանայմամբ, հնարավոր կլինի էականորեն կրճատել ցմահ դատապարտյալների թիվը` որոշ դեպքերում ապահովելով նրանց վերադարձը հասարակություն:P.S. Այս դիմումը բաց է ստորագրման համար: Արդեն ստորագրել են 7 ՀԿ-ներ:




Լրահոս