
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից մեր երկրին ցուցաբերվող օժանդակության տարբեր ծրագրերը եւ կարեւորել երկկողմ հետագա ակտիվ փոխգործակցությունը:
Բրեդլի Բուզետտոն շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին հանդիպման համար եւ ողջունել մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրերը կառավարության առաջնահերթությունների թվում ներառելու փաստը:
Վարչապետը եւ ՄԱԿ-ի մշտական համակարգողը կարեւորել են սահմանների կառավարման եւ սահմանային անցակետերի արդիականացման, ինչպես նաեւ տարածքային կառավարման բնագավառում (այդ թվում համայնքների խոշորացման գործընթացում) համատեղ բարեփոխումների իրականացումը, անդրադարձել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին:
Այնուհետեւ կառավարության ղեկավարը ներկայացրել է ՓՄՁ-ների զարգացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը եւ նշել, որ այժմ քննարկումներ են անցկացվում առկա խնդիրների վերացման ու նոր մեխանիզմների ներդրման ուղղությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՄԱԿ-ի կողմից փախստականներին ցուցաբերվող աջակցությանը եւ այլ հարցերի: