«Հայաստան» հիմնադրամի պատվիրակությունն այցելել է Տավուշի մարզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան, 23 մայիսի, 2014թ.: Այսօր` մայիսի 23-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից, բարերարներից եւ աշխատակիցներից կազմված պատվիրակությունը հաշվետու այցով եղավ Տավուշի մարզի Խաչարձան, Լուսաձոր եւ Դիտավան գյուղերում:

Շուրջ 400 բնակիչ ունեցող Խաչարձանում կառուցվել է բուժկետ եւ բազմաֆունկցիոնալ սրահ` արգենտինահայ բարերար Կալչիյանների ընտանիքի հովանավորությամբ: Նորակառույցը կահավորվել է եւ համալրվել խոհանոցային սարքավորումներով: «Այսուհետ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում կարիք կլինի հասնել շրջկենտրոն»- նկատեց համայնքի ղեկավար Գագիկ Շահնազարյանը: Գյուղապետի խոսքով համայնքի առաջնային խնդիրներից շարունակում է մնալ խմելու ջրի հարցը:

Լուսաձոր գյուղում Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ հիմնվել է ֆերմա, որին նվիրաբերվել է Շվեյցարիայից ու Դանիայից բերված 180 տոհմային կով: Հիմնադրամի գյուղերի զարգացման ծրագրի շրջանակներում Իտալիայի կառավարության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը համայնքում իրականացրել է խմելու եւ ոռոգման ջրի, ինչպես նաեւ համայնքային կենտրոնի կառուցման ծրագրեր:Համայնքն ունի շուրջ 700 բնակիչ: Դիտավանում Կալչիյան ընտանիքի ֆինանսավորմամբ գյուղի 5 ընտանիքների համար կառուցվել են տնամերձ ջերմոցներ:

Բնակիչ Հրաչ Ալիխանյանը պատմում է, որ առաջին տարին է, ինչ գործում է իր ջերմոցը: Լոլիկ, լոբի, սխտոր, ելակ ու կանաչի է աճեցնում, մոտ օրերս էլ առաջին բերքը կստանա: Նշենք, որ 300 բնակիչ ունեցող Դիտավան համայնքը, շնորհիվ Հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Արմեն եւ Նատիա Էքսերճիէանների շարունակական աջակցության, այսօր ունի խմելու ջուր, գազ, համայնքային կենտրոն եւ դպրոց:

«Հայաստան» հիմնադրամ 




Լրահոս