Մենք շատ ենք սիրում տարբեր առիթներով խոսել մտավորականության դերի ու առաքելության մասին` հաճախ հասարակության այդ շերտին վերագրելով կեղծ արժանիքներ ու թերություններ: Առհասարակ, տարածված կարծիք կա, թե իսկական մտավորականը պետք է ընդդիմադիր լինի: Անշուշտ Հայաստանի նման երկրում, որտեղ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել թերությունների ու բացթողումների, ի տարբերություն համատարած պնակալեզության, ավելորդ քննադատությունը չի խանգարում: Սակայն հաճախ լինում են դեպքեր, երբ մեր մտավորականության որոշ ներկայացուցիչներ իրենց ընդդիմադիր կեցվածքում ու տարբեր երեւույթներ քննադատելիս չափը, մեղմ ասած, անցնում են: Այդ երեւույթը հատկապես տգեղ է դիտվում, երբ քննադատության սլաքներն ուղղվում են գործընկերների կամ մտավորականության «ցեխի» իրենց ոչ գաղափարակից անդամների ուղղությամբ: Եվ որպես կանոն, նման դեպքերում մոտիվացիաները լինում են նեղ անձնական` այս կամ այն մտավորականից «աբիժնիկությունը» կամ պարզապես նախանձը:
Օրինակ` հատկապես վերջին շրջանում ակտիվորեն հարցազրույցներ ու ասուլիսներ տվող մեր հայտնի երգահաններից մեկը, ով, անշուշտ, հայ երգարվեստում նշանակալի տեղ ունի, սակայն ով նաեւ հայտնի է հախուռն բնավորությամբ, իր սուրբ պարտականությունն է համարում լրագրողների հետ շփման ցանկացած առիթ օգտագործել իրեն դուր չեկող այս կամ այն մտավորականի հասցեին հայհոյախոսելու համար: Ընդ որում, նա դա անում է, քանի որ քաջ գիտի` իրեն ճանաչողներից որեւէ մեկն իր հետ «գլուխ չի դնի»: Նույնն է նաեւ հայտնի դրամատուրգներից մեկի դեպքում, ով մշտապես աչքի է ընկնում երեւույթներին ու անձանց տրվող, մեղմ ասած, վուլգար գնահատականներով: Օրինակ` նախօրեին նա կայքերից մեկին ասել էր. «Սա այն Երեւանը չէ, որ ես ապրել եմ, սա ինչ-որ պոռնո սայթ է»: Ինչ խոսք, դա նրա անձնական կարծիքն է, սակայն հարց է առաջանում՝ այդ դեպքում նա ինչու է ապրում պոռնո սայթում: Կամ էլ հանրությանն առավելապես կանացի դերերով հայտնի սերիալային դերասաններից մեկը, ով, իրեն «թույն դեմքի» տեղ դնելով, քաղաքական գործիչներին անվանել էր զուգարանի թուղթ, իսկ օրենսդիրներին` շիմպանզեներ: Ինչ խոսք, մեր քաղաքական գործիչներին գովելու առիթներ գրեթե չկան, սակայն այդ կարգի վիրավորական արտահայտությունները եւս հարիր չեն իրեն կիրթ մարդ համարողին: Ի վերջո, նույն այդ մտավորականները շատ են սիրում քննադատել նաեւ այսօրվա անորակ հեռուստահաղորդումներն ու սերիալները` նշելով, որ դրանք հանրային լայն շերտերին քարոզում են փողոցային բարքեր ու խոսելաձեւ: Միեւնույն ժամանակ, սակայն, իրենք եւս անմասն չեն մնում դրանից` հանդես գալով փողոցային մակարդակի արտահայտություններով: Ու ստացվում է, որ այսօր ունենք ոչ միայն սերիալային մակարդակի հեռուստատեսություն, այլեւ սերիալային մակարդակի մտավորականներ: Տխուր է:
ՍԵՐԻԱԼԱՅԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ