Ո՞ՒՐ Է ՓԱԹԵԹԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի` «Ֆեյսբուք» սոցիալական կայքի էջում քաղաքացիներից մեկն ուշագրավ բացահայտում է արել: Գայանե Ավագյանը վարչապետին խնդրել է պարզաբանել, թե  ինչու պետական ծառայողների համար նախատեսված «սոցիալական փաթեթ»-ի գումարը 180 հազար դրամից իջեցվել է 132 հազարի: Խոսքն այն գումարների մասին է, որոնք տրվում են պետական բոլոր ծառայողներին առողջապահական կարիքները հոգալու համար: Բացի այդ, քաղաքացին հարցրել է, թե ինչու է այդ գումարը տրվում միայն պետական կառույցների ղեկավար աշխատողներին, այլ ոչ թե բոլոր աշխատակիցներին, ինչպես նախատեսված է օրենքով: Նշենք, որ ըստ տվյալ քաղաքացու` գումարները պակասեցնելու եւ միայն ղեկավար կազմին այն տալու մասին հայտարարվել է մշակույթի նախարարության բոլոր կառույցներին: Տիգրան Սարգսյանը, իհարկե, որեւէ ձեւով չի արձագանքել այս գրությանը: Երեկ մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց նաեւ նրա մամուլի խոսնակ Արամ Անանյանից. վերջինս չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Իսկ մշակույթի նախարարության մամուլի խոսնակ Գայանե Դուրգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը` նշելով. «Նախարարությունը չի կարող ինքնագլուխ նման բան անել: Դա նախատեսված է բոլոր նախարարություններին, եւ դա թյուր տեղեկատվություն է»:




Լրահոս