Armenian text to speach

ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իշխանությունները կարծես թե որոշել են հետեւել Գեբելսի հայտնի խորհրդին. եթե ուզում ես սուտը ճշմարտության տեղ անցկացնել, հնարավորինս մեծ սուտ հորինի՛ր եւ օրը մի քանի անգամ դա կրկնի՛ր:
Նրանք պարբերաբար մեծ ստեր են հորինում եւ հասարակությանն ամեն գնով փորձում մատուցել ճշմարտության տեղ: Օրինակ` երեկ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարեց, որ Հայաստանը դատապարտված է լինել արտահանող արդյունաբերական երկիր: Բացի այդ, հայտարարեց, թե Հայաստանում կոռուպցիան նահանջ է արձանագրել: Այս վերջին միտքը նա ներկայացրեց շատ նուրբ կերպով, թե կոռուպցիայի նահանջը «մի փոքր» է: Մինչդեռ Հայաստանում անզեն աչքով էլ նկատելի է՝ կոռուպցիան ոչ միայն «մի փոքր» չի նահանջել, այլեւ գնալով սուր դրսեւորումներ է ստանում: Դրանում համոզվելու համար ամենեւին էլ հարկավոր չէ մասնագետ լինել, այլ կոռուպցիայի իրական մակարդակը կարող է զգալ ցանկացած քաղաքացի՝ բնակվելով ՀՀ-ում:

Ինչեւէ, Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Տիգրան Դավթյանին խորհուրդ տվեց մինչեւ կոռուպցիայի նվազման մասին հայտարարություններ անելը ծանոթանալ Heritage Foundation հիմնադրամի վերջին զեկույցին, որտեղ Հայաստանը նահանջել է 3 տեղով ու հիմա զբաղեցնում է 39-րդ տեղը: Իսկ նահանջի պատճառներից մեկը, ըստ նրա, կոռուպցիան է: «Ոչ մի միջազգային կառույց Հայաստանում կոռուպցիայի նահանջ չի արձանագրել, ընդհակառակը, միջազգային կազմակերպություններն իրենց գնահատականներում Հայաստանի համար որպես հիմնական խնդիր տեսնում են կոռուպցիան, որը տարիներ շարունակ ոչ թե նվազման, այլ աճման միտումներ ունի»,-ասաց Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ Տ.Դավթյանի կողմից փաստերի հրապարակման դեպքում միայն ինքն այդ մասին կխոսի: Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Հայաստանը դատապարտված է լինել արտահանող երկիր, Վահագն Խաչատրյանը նշեց, որ սա Տիգրան Սարգսյանի կառավարության հերթական դեկրետներից է: «Եւ այդ ամենը չի կարող իրականություն դառնալ մի քանի պատճառներով. Հայաստանն արտահանող երկիր դառնալու համար այսօր օբյեկտիվորեն չունի ո՛չ տնտեսական, ո՛չ ինտելեկտուալ, ո՛չ ֆինանսական բազա: Միջազգային շուկայում տեղ գրավելը հեշտ չէ, որ հայաստանցի արտադրողներին հրավիրեն, թե եկե՛ք, տե՛ղ գրավեք: Տեղը պետք է գրավել «պատերազմելով», պայքարելով, ինչի համար պետք է ունենալ միջազգային ստանդարտներին համապատասխան որակյալ արտադրանք: Բայց մենք չունենք դա ու չենք էլ կարող ունենալ, քանի որ այս տնտեսական համակարգը, որն իրական գոյություն չունի, երբեւէ չի կարող այնպիսի պայմաններ ստեղծել, որ Հայաստանը դառնա արտահանող երկիր: Նաեւ Հայաստանի այսօրվա քաղաքական համակարգը չի կարող նման բան թույլ տալ, որովհետեւ դա նշանակում է` ներկրմամբ զբաղվող օլիգարխները պետք է գոյություն չունենան: Մինչդեռ այդ օլիգարխներն այսօրվա քաղաքական համակարգի հիմքն են»,-ասաց պարոն Խաչատրյանը: Վերջինս նաեւ հիշեցրեց ժամանակին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունները: «Մի քանի տարի առաջ նա ասաց, թե Գյումրին դառնալու է տեխնոպարկ, հետո Դիլիջանն էր դառնալու ֆինանսական կենտրոն, հետո դառնալու ենք առողջապահական կենտրոն, հիմա էլ որոշել են դառնալ երկիր, որը կարտահանի ճշգրիտ սարքավորումներ, դեղագործական արտադրանք: Դրանք որեւէ առնչություն չունեն իրականության հետ»,-ասաց նա:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հեգնեց, թե Հայաստանն արտահանում է, բայց մարդկային ուղեղ եւ մարդկային աշխատուժ: «Ներկայումս ամենալավը շարունակվում է աշխատուժի արտահանման քաղաքականությունը: Ամեն գնով նպաստում են մարդկանց՝ Հայաստանից դուրս գալուն: Իսկ դա ոչ թե վատ, այլ խայտառակ ցուցանիշ է: Հայաստանը մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից կապիտալ ռեսուրսներ է կորցնում, որոնք վերականգնելը շատ դժվար Է»,-հեգնեց Մինասյանը: Իսկ եթե ավելի լուրջ, ապա նրա կարծիքով` այսօր կա արտահանման տեմպերի աճ, բայց դա բոլորովին կապ չունի երկրի տնտեսության իրական վիճակի հետ: «Արտահանման տեմպերի որոշակի աճը պայմանավորված է հիմնականում հանքարդյունաբերության ոլորտում գների միջազգային բարձրացումից եւ հանքերի շահագործումից: Ուրիշ ձեռքբերում մենք չունենք»,-նշեց Մինասյանը: ՀՅԴ-ական պատգամավորն անդրադարձավ նաեւ կոռուպցիայի նվազման մասին հայտարարություններին. «Չեմ կարծում, որ առկա տնտեսության վիճակն ու եկամուտների անհամաչափ բաշխումը կարող են այն աստիճան ազդել կոռուպցիայի նվազմանը, որ դա ակնհայտ դառնա: Համենայնդեպս, դատելով վարվող քաղաքականությունից` վստահաբար պետք է պնդեմ՝ կոռուպցիան կա ու շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր մարտահրավերներից մեկը»:
Իսկ թե ինչու է Տիգրան Դավթյանը նման հայտարարություններ անում, Վահագն Խաչատրյանը պայմանավորեց միջազգային հանրությունից ֆինանսական որոշ հոսքերի սպասումներով: Ըստ նրա, սակայն, այդ ծրագրերը կիրականացվեն ու գումարները կտրվեն միայն ԱԺ ընտրություններից հետո, եթե միջազգային հանրությունը տեսնի, որ Հայաստանը կարող է նորմալ ընտրություններ անցկացնել, մի բան, ինչը խիստ կասկածելի է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ



Լրահոս