55-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴՆ ԱՆՀԵՏ ԿՈՐԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2011 թվականի նոյեմբերին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Գառնիկ Բեգլարի Երանոսյանը տանից դուրս է եկել եւ մինչեւ այժմ չի վերադարձել: Գառնիկի եղբայր Գագիկը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք անելանելի վիճակում են եւ չեն կարողանում հասկանալ, թե իրականում ինչ է պատահել իր եղբոր հետ: Նա համոզված է, որ ոստիկանությունն արդեն դադարեցրել է փնտրել Գառնիկին, իսկ իրենք տեղ չկա, որ չեն փնտրել, սակայն անարդյունք:
Գագիկ Երանոսյանը պատմեց, որ նոյեմբերի 22-ին` ժամը 08:30-ից ի վեր, եղբորն այլեւս տեսնող չի եղել: Տեղեկացանք, որ Գառնիկը Վարդենիս քաղաքից է, սակայն վաղուց իր ընտանիքի հետ բնակվում է Արեգունի գյուղում (այս գյուղն առավել հայտնի է Գյունե անունով): 55-ամյա Գառնիկն ամուսնացած է, այնտեղ ապրում է իր կնոջ եւ երեք երեխաների հետ:
Մեր զրուցակիցը նշեց, որ իր եղբայրը հոգեկան ոչ հավասարակշիռ վիճակում է գտնվում, իսկ անհետացման օրը բոլոր հարեւանների եւ հարազատների հետ վիճաբանել է անհասկանալի պատճառներով: Հարազատները, տեսնելով, որ Գառնիկն ամբողջ օրը չի վերադարձել տուն, սկսել են նրան փնտրել հարակից գյուղերում: «Շատ ենք ման էկել մեր հարազատներով, ընկերներով, Վարդենիսի, Գյունեի, Գեղամասարի տարածքներն ամբողջությամբ նայել ենք, բայց չենք գտել, էդ ժամանակ հասկացանք, որ չենք կարա գտնել, արդեն դիմեցինք ոստիկանություն, իրանք էլ սկսեցին փնտրել մեր հետ: Հետո իրանք կորստյան գործ հարուցեցին»,-պատմեց Գառնիկի եղբայրը:
Ըստ նրա`  ոստիկանությունը շատ վատ է աշխատում,  ընդամենը քրեական գործ են հարուցել եւ դրանով եզրափակվել. «Իրանք անգամ սպանության գործ չհարուցեցին, մենք հազար անգամ իրանց ասեցինք, որ Գառնիկը գյուղից դուրս չի եկել, էդ նշանակում ա, որ իրան խփել-քցել են մեքենայի տակ կամ էլ սպանել, տարել մի տեղ քցել են, որովհետեւ էդ գիշեր Գառնիկը ման ա էկել, սրա-նրա տուն ա գնացել, համարյա գյուղացիների կեսի տներն ա մտել, մեկի ավտոն ա նստել, մեկի տուն ա գնացել, սաղի հետ կռվել ա, վիճել ա»:
Մեր զրուցակիցը նշեց, որ իր եղբայրը միշտ հավասարակշիռ վիճակում է եղել, սակայն մի քանի տարի առաջ գնացել է Լոռու մարզի Սպիտակ քաղաք` աշխատանքի եւ վերադարձել է հոգեկան խնդիրներով. «Հոգեկան շեղում ուներ ու էդ օրը, որ տանից դուրս ա եկել Գառնիկը, իրա ձեռքին եղել ա կացին, գյուղական գործիք` ալա, ու էդ ալայով ինքը համարյա սաղի տները մտել ա, ման ա էկել, դե փոքր գյուղ ա Գյունեն»:
Անհայտ կորած տղամարդու եղբայրը նշեց, որ որոշ ժամանակ հետո ինչ-որ մեքենայի թափքից գտել են Գառնիկի մոտ եղած գյուղական գործիքը, սակայն ոստիկանությունը դա չի առգրավել. «Անգամ մատնահետք չեն վերցրել դրանից, չեն էլ պատասխանում մեր հարցերին, ընդհանրապես մեր կարծիքով՝ իրանք արդեն դադարեցրել են իրանց աշխատանքը եւ որեւէ բան չեն անում Գառնիկին գտնելու համար, արդեն շուրջ էրկու ամիս ա` Գառնիկը չկա, մենք էլ չենք կարողանում ոչ մի բան անենք, սենց անհուսալի վիճակում ենք հայտնվել»:
Գագիկը  նշեց, որ Արեգունի գյուղում մի ջրավազան կա, որտեղ ինչ-որ կասկածելի բան են նկատել. «Տեսանք, որ էդ ջրավազանը ջարդված էր, մենք  էլ ոստիկաններին ասեցինք, որ նման բան կա, ու տանտերը խաբար չի`  ով ա ջարդել, ասեցինք` ըտե՛ղ նայեք, կարող ա ինչ-որ մեկը խփել քցել ա ըտեղ, բայց տենց էլ ոչ մեկն էլ չնայեց: Ըտեղ ջուր են ամռանը լցնում իրենց այգին ջրելու համար, իսկ հիմա սառույց ա, ու մենք մտածում ենք, որ իրան ընդեղ են քցել, բայց տենց էլ ըտեղ չստուգեցին»:
Նա նաեւ վստահեցրեց, որ իր եղբայրը թշնամիներ չի ունեցել, սակայն իր անհետացման գիշերը թշնամիներ է ձեռք բերել` հարեւանների հետ վիճաբանել է, անհանգստացրել նրանց: Հարազատների կարծիքով` Գառնիկը գյուղից դուրս չի եկել, հնարավոր է` նրան որեւէ մեկը սպանել է, իսկ դիակը «կորցրել» են, որպեսզի չկարողանան գտնել: «Հնարավոր ա, որ իրան քցած լինեն մեքենայի տակ, ինքը դուշման չուներ, ոստիկանությունը նորմալ չի աշխատում, մի հատ կոնկրետ բան չկա, մենք էլ տենց օր չկա, որ չփնտրենք, բայց չենք իմանում` որտեղ փնտրենք, տենց տեղ էլ չի մնացել»:
«Ժողովուրդ»-ը ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացավ, որ Գառնիկ Երանոսյանի անհետացումից հետո քրեական գործ է հարուցվել 104 հոդվածի հատկանիշներով` սպանություն:  Վստահեցրին նաեւ, որ  յուրաքանչյուր օր որոնողական աշխատանքները կատարվում են, եւ ամեն ինչ արվում է 55-ամյա տղամարդուն հայտնաբերելու համար:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս