ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ «ՎԵՐՆԻՍԱԺ»-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվում է ազգային, կրոնական թշնամանք հարուցելու փաստով հարուցված մի գործի դատաքննություն: Մեղադրյալի աթոռին Ախալքալաքի բնակիչ Սպարտակ Ակոջյանն է:
Նա մեղադրվում է Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի դեսպանատան հարակից տարածքից հակահայկական ադրբեջանական քարոզչության «ստեղծագործության» արդյունք հանդիսացող, հայ ժողովրդի եւ Հայաստանի վերաբերյալ զրպարտիչ տեղեկատվությամբ «Արմյանսկի տեռորիզմ» վերնագրով, ռուսերենով հրատարակված 10 գրքեր ձեռք բերելու եւ Հայաստանում դրանք որպես հակահայկական քարոզչական նյութ տարածելու մեջ: Նշյալ գրքերում Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնապաշտպանական գործողությունների առանձին դրվագներ ներկայացված են որպես «խաղաղ ադրբեջանցիների» նկատմամբ հայկական «հանցավոր խմբավորումների» կողմից իրականացված ահաբեկչական գործողություններ, իսկ 1970-1980 թվականների ընթացքում տարբեր երկրներում թուրք դիվանագետների եւ ներկայացուցչությունների նկատմամբ իրականացված ահաբեկչական գործողությունները վերագրված են «հայկական ահաբեկչական ուժերին»: Այդ գրքերից 7-ը Սպարտակ Ակոջյանը Եղեռնի հիշատակի օրվանից` ապրիլի 24-ից երեք օր առաջ` 2011 թվականի ապրիլի 21-ին, Վրաստանից իր հետ տեղափոխել է Հայաստան ու ապրիլի 23-ին փորձել իրացնել Երեւանի «Վերնիսաժ» կոչվող բացօթյա տոնավաճառում: Այդ ընթացքում տոնավաճառի վաճառողների եւ այցելուների ներկայությամբ հայտարարություններ է արել այսպես կոչված «հայկական ահաբեկչության» առկայության եւ այն հիմնավորող, իր կողմից վաճառվող գրքում արտացոլված «փաստերի» վերաբերյալ: Նախաքննական մարմնի գնահատմամբ` դրանք հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված հրապարակային գործողություններ են, որոնց համար պատիժ է սահմանված ՀՀ քր. օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասով (ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված հրապարակային գործողությունները` հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով). նախատեսված է ազատազրկում` 3-6 տարի ժամանակով:  

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս