Պատասխան Հասմիկ Պողոսյանին` իր հարցազրույցի առթիվ
Հա՛, տիկի՛ն նախարար, նենց վատ ա մշակույթի վիճակը, որ Ձեր պաշտոնանկությունը պիտի լինի անհապաղ: Հանուն մեր մշակույթի: Հա՛, գիտենք, որ տիկին Ռիտա Սարգսյանի հետ մշակութային ծրագրեր եք իրականացնում, նավթալինոտ երգիչներ եք բերում Հայաստան` Ռոբերտինո Լորետի, Վյաչեսլավ Դոբրինին, «Աիդա»-ի ու «Սպարտակ»-ի մաշված ու քայքայված մեկնաբանություններով բեմադրություններն եք տեղափոխում մեր Օպերայի ու բալետի թատրոնի բեմ, համատեղ ջանքերով որեւէ կոչում չունեցող Ֆլորա Մարտիրոսյանին ժողովրդական արտիստի կոչում եք տալիս, Ձեր պաշտելի ու սիրելի Մազմանյան Արմենին թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր եք դարձնում, իրար հետ «կայֆավատ» եք լինում տարբեր «կորպորատիվկաների» ժամանակ, իսկ բաժանվելիս էլ համբուրվում ու «պրիվետիկներ» ու «դասվիկներ» փոխանակում:
Տիկին Ռիտա Սարգսյանի հետ, ով ընդամենը Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանն է ավարտել, որոշում եք մեր նշանավոր արվեստագետների ճակատագրերը, խայտառակ եք անում մեր ազգի մեծերի հոբելյանները, որոնց բարձրակետն Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված գեղական-ռաբիսային համերգն էր` Ձեր պաշտելի «աստղերով» ու մեկ էլ Ձեր խորհրդական Մարատ Հայրապետյանով: Հա՛, տիկի՛ն նախարար, նենց վատ ա մշակույթի վիճակը, որ Ձեզ «Մովսես Խորենացի» մեդալով պարգեւատրելու փաստը մեծ դժգոհություն առաջացրեց մշակութային շրջանակներում, էլ չենք ասում, որ երգահան Ռուբեն Հախվերդյանն էլ, որ մի ահռելի մշակութային ընտանիքի ժառանգորդն է, չհամբերեց ու գրեց, թե «ամեն էշի մեդալ են տալիս»… Ու եթե Ռիտա Սարգսյանի փոխարեն մշակույթի իսկական բարեկամ լիներ, ապա ամուսնու ականջին կշշնջար, որ երկրի մշակույթը «վարի ա գնում», որ մեր սիրելի Հասմիկ Պողոսյանը զբաղված է միայն անձնական բարօրության խնդիրներով` մեր մշակույթի փողերի հաշվին Իտալիայում բնակարան գնելով եւ իր նախարարական համեստ աշխատավարձով տարվա մեջ մի քանի անգամ Իտալիա գնալով, ամուսնուն էլ տարբեր պատվիրակությունների կազմում ընդգրկելով, Ամիրյան փողոցում 360 քմ տարածքով էլիտար բնակարան գնելով եւ այլն: Բազմաթիվ ստուգումներ են իրականացվել մշակույթի նախարարությունում, հարյուրավոր միլիոնների չարաշահումներ են հայտնաբերվել, բայց տիկին Ռիտա Սարգսյանն ու Վիգեն Սարգսյանը ծածկադմփոց են արել` վասն մեր մշակույթի:
Տիկի՛ն նախարար, վիճակն իրոք վատ է, ու Ձեր թվարկած ծրագրերն էլ չեն անցնում հերթապահ միջոցառումների մակարդակից այն կողմ: Մինչդեռ Դուք էլ լավ գիտեք, որ Ձեր գլխավորած նախարարությունը պիտի հայեցակարգեր մշակի, մշակույթի զարգացման ազգային ծրագիր մշակի, մեր մշակույթն աշխարհին ներկայացնելու արդյունավետ ձեւեր գտնի… Բայց դե Դուք, Մինաս Ավետիսյանի տղայի հետ թեւանցուկ արած, միայն մտածեցիք այն մասին, թե ինչ օգուտներ կարելի էր քաղել` Մինասի որմնանկարները տեղափոխելով:
«Նենց վատ ա մշակույթի վիճակը», տիկի՛ն նախարար, որ որոշեցինք մի հուշաթերթիկ պատրաստել ու դնել Ձեր սեղանին, որ մեկ-մեկ կարդաք ու տիկին Ռիտա Սարգսյանի հետ հերթական ծրագիրը կյանքի կոչելիս մտաբերեք նաեւ «արվածի» մասին.
1. քայքայեցիք Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը` զրկելով այն խաղացանկային-ծրագրային գործունեությունից,
2. գլխատեցիք Օպերայի եւ բալետի ազգային թատրոնը` հեռացնելով գեղարվեստական ղեկավարին եւ մինչեւ օրս որեւէ երաժշտական կամ գեղարվեստական ղեկավար չնշանակելով,
3. լուծարեցիք Երիտասարդական-փորձարարական թատրոնը եւ նրա հաստիքները նվիրաբերեցիք ՍՊԸ-ի կարգավիճակով գործող «Գոյ» թատրոնին,
4. գրեթե լուծարման շեմին հասցրիք Կամերային երաժշտական թատրոնը` Հայաստանը զրկելով իր տեսակի մեջ եզակի երաժշտական թատրոնից,
5. կամերային երաժշտական կոլեկտիվները հավաքեցիք մի անհասկանալի կենտրոնի կազմի մեջ` դրանց բոլորին դարձնելով «բոմժ», զրկելով համաչափ գործունեության հնարավորությունից,
6. Ձեր «փայլուն» գործունեության արդյունքում գրեթե չեն գործում Թ.Ալթունյանի անվան երգի-պարի, Պարի պետական անսամբլները, պետական ջազային նվագախումբը…
7. անտերության մատնեցիք մարզային մշակութային կառույցները` մարզերը վերածելով մշակութային անապատների,
8. առանց հիմնավորումների լուծարեցիք ողջ տարածաշրջանում միակ պետական ջազային քոլեջը…
Այս ցանկը կարելի է շարունակել` գումարելով բազմաթիվ անարդյունավետ փառատոնները, որոնք սոսկական միջոցառումներ են, կարելի է ավելացնել նաեւ այն, որ հանրապետության ողջ երաժշտական շահերը ստորադասել եք Արմեն Սմբատյանի որդու շահերին, մշակույթի կառավարման համակարգ եք բերել պատահական մարդկանց` վարկաբեկելով մրցութային կարգը, որը նախատեսված է օրենսդրությամբ:
Բա՛, տիկի՛ն նախարար, տեսնո՞ւմ եք, որ նե~նց վատ ա վիճակը… Ուրեմն խնդրենք Ռիտա Սարգսյանին շուտափույթ լուծել Ձեզ մեկ այլ պաշտոնի տեղափոխելու հարցը, որպեսզի հրապարակում քիչ երեւաք, ինչից ոգեւորված էլ` մշակույթի եւ արվեստի գործիչներն առաջիկա ընտրություններում ձայներ տան Սերժ Սարգսյանին ու նրա կուսակցությանը: Այլապես գիտակցելով, որ Հանրապետականի ու Սերժ Սարգսյանի վերընտրության դեպքում Դուք շարունակելու եք պաշտոնավարել` նրանց կզրկեն մշակույթի գործիչների «ձայնային» աջակցությունից:
«ՆԵՆՑ ՎԱՏ Ա ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԻՃԱԿԸ», ՏԻԿԻ՛Ն ՆԱԽԱՐԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ