ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՆԻՍՏԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հասարակական հնչեղություն ունեցող 3 դատական նիստեր նշանակվել էին գրեթե նույն ժամին: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնական նստավայրում շարունակվեց  ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի գործով դատական նիստը: Մեկնարկեց նաեւ դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու» դատավարությունը: Նույն դատարանի Քանաքեռ-Զեյթունի նստավայրում էլ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի ներկայացրած հայցի քննությունն էր:

ՍԱՔՈՒՆՑԸ ՀԵՏԱՁԳԵՑ…
Արթուր Սաքունցը դիմել էր դատարան` ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի, որը ՀՀ պաշտպանության փոխնախարար աշխատելիս մի քանի  հարցազրույցներում զրպարտել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակին: 10 դրամի փոխհատուցման պահանջ ներկայացրած հայցվորը միջնորդություն ներկայացրեց հետաձգել նիստը, քանի որ իր ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը մասնակցում էր ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դատական նիստին: Այսպիսով` նիստը հետաձգվեց, այն կնշանակվի լրացուցիչ:

ՄԵՂԱՎՈՐՆ ԱՌԱՆՑ ԴՆՉԿԱԼԻ ՇՈՒՆՆ ԷՐ
Մեկ այլ դահլիճում երեկ շարունակվեց ՀԱԿ-ի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավարությունը:
Դատարանը լսեց տուժող ոստիկաններից երեքին: Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստները մեղադրվում են  անցած տարվա օգոստոսի 9-ին Կարապի լճի տարածքում ոստիկանների հետ վիճելու, հասարակական կարգը խանգարելու մեջ: Տուժողներից մեկը պատմեց, որ իրենք նկատողություն էին անում շանն առանց դնչկալի հանած քաղաքացիներից մեկին, երբ ՀԱԿ-ի ակտիվիստները սկսեցին ոստիկանների հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել  եւ հայհոյել: Սկսվեց ծեծկռտուք, եւ երբ պարեկա-պահակային խումբը դեպքի վայր հասավ,  ՀԱԿ-ի երիտասարդների թիվն էլ շատացավ:  Հաջորդ դատական նիստում` հունվարի  27-ին, կշարունակվի տուժողների հարցաքննությունը:

Ո՞ՒՐ ԷՐ ԱՆԺԵԼԱՆ…

Նշենք, որ երեկվա դատական քրոնիկում ՀԱԿ ակտիվիստի դատավարությանը քիչ էր մնում ստվերեր  «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի նախկին դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»` Կարեն Արայանի դատաքննությունը:  Նա  մեղադրվում է Անժելա Սարգսյանի եւ նրա ամուսնու` Ղազար Ավետիսյանի անձնական-ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող, միաժամանակ պոռնկագրաֆիկ բնույթ ունեցող լուսանկարների տարածման մեջ: Լրագրողները Կարենի մոր եւ հարազատների հետ սպասում էին դռների այս կողմում, քանի որ դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ դատական նիստը դռնփակ է լինելու: Կարենի մայրը` Մարինա Արայանը, շատ հուզված էր եւ ոչ մի բառ չասաց, նույնիսկ արգելեց իրեն լուսանկարել: «Բոլոր հարցերով դիմե՛ք Անժելա Սարգսյանին, ես ասելու բան չունեմ»,-ասաց տիկին Մարինան: Անժելա Սարգսյանն այդպես էլ չներկայացավ դատարան: Նշենք, որ դատարանում էին նաեւ «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի դերասանները, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչու են իրենց կանչել եւ ինչ ցուցմունք պիտի տան: Երեկվա նիստում ոչ մի վկա չհարցաքննվեց:

ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ




Լրահոս