2011թ. հունիսի 26-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքը, երբ դաժան ծեծի հետեւանքով մահացավ շտապբուժօգնության բժիշկ 65-ամյա Աշոտ Գրիգորյանը, շատերը կհիշեն: Գյումրու շտապօգնության բժիշկը, մեկնելով կանչի, հիվանդի որդու` 28-ամյա Արտակ Կարապետյանի կողմից ենթարկվելով բռնության, մահացել էր:
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Կոմինտերնի փողոցի 13 բնակարանում հայտնաբերել էր շտապօգնության բրիգադայի բուժաշխատող, 1946թ. ծնված Աշոտ Գրիգորյանի դիակը` ճակատի եւ այտոսկրի աջ մասում քերծված վնասվածքի հետքով: Շտապօգնության մեքենայի վարորդի եւ բուժքրոջ պատմելով` բժշկին երիտասարդը դաժան ծեծի էր ենթարկել` պատճառաբանելով, թե մեքենան ուշ է հասել կանչին: Չնայած դրան, Ա.Գրիգորյանը հետ չէր դարձել եւ բարեխղճորեն կատարել էր իր մասնագիտական պարտականությունը` բուժօգնություն ցուցաբերելով Արտակ Կարապետյանի հորը:
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է այս աղմկահարույց գործով դատաքննությունը: Ամբաստանյալը, ընդունելով հանդերձ, որ ինքը ծեծել է բժշկին, համամիտ չէ այն գնահատականին, որ կատարվածը դիտավորյալ սպանություն է: Դատական նիստը շատ արագ հետաձգվել է, քանի որ ամբաստանյալի շահերի պաշտպանը ժամանակ է խնդրել դատարանից` գործի նյութերին ծանոթանալու համար: Միջնորդությունը բավարարվել է:
Հնարավոր է` ամբաստանյալի շահերի պաշտպանն առաջիկա դատական նիստերի ժամանակ պահանջի արտաշիրիմում կատարել, քանի որ համառորեն պնդում է, որ բժիշկը ծեծի հետեւանքով չի մահացել: «Իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը ճիշտ չէ, ինքն ապօրինաբար եւ դիտավորյալ որեւէ մեկին չի զրկել կյանքից, այսինքն` դիտավորյալ սպանություն չի կատարել: Այո՛, որոշակի գործողություններ կատարել է, հրել է, վայր է գցել, որի հետեւանքով, սակայն, մահ չէր կարող առաջանալ»,-մեզ հետ զրույցում նշեց փաստաբան Թամարա Յայլոյանը:
Ամբաստանյալի հայրը` Արամայիս Կարապետյանը, իր հերթին հայտարարում է, որ բժիշկն իրեն վատ է զգացել, երբ փորձել է իրեն բուժօգնություն ցուցաբերել. «Պահանջել եմ արտաշիրիմում ու հիմա էլ պահանջում եմ: Առաջին օրն էդ մարդու վրա հետք չի եղել, քննիչը հայտարարել է, որ արտաքին ոչ մի վնասվածք չկա, սակայն հետո մարմնի վրա հետքեր գտան»: Բժշկի այրին` Ջուլիետա Գրիգորյանը, նշում է, որ ոչ մի դեպքում թույլ չի տա իրականացնել արտաշիրիմում, քանի որ իր ամուսինն առողջական խնդիրներ չի ունեցել, եւ հետո, դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, ծեծի հետեւանքով է մահացել. «65 տարվա մեջ բժիշկն իր առողջությունից ոչ մի անգամ չի դժգոհել: Ինչ վերաբերում է այն պատճառաբանությանը, որ բժիշկն իրենց տուն է հասել վատ վիճակով, ես ասեմ` իհարկե կգնար վատ վիճակով: Նախքան տուն հասնելը, բժշկին քաշել, մեքենայից գցել է ու ծեծել: Էդ ծեծից հետո կարո՞ղ էր բժիշկը լավ վիճակով բարձրանալ բնակարան: Իհարկե ոչ: Թող հույս չունենան, ես արտաշիրիմում թույլ չեմ տա: Թող բացեն, դատաբժշկի եզրակացությունը կարդան»:
Հավելենք, որ Արտակ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածով (դիտավորյալ սպանություն): Վերջինիս սպառնում է 12-25 տարվա, նույնիսկ ցմահ ազատազրկում:
Գյումրի