«ՆՈՐ ՏԱՐԻՆ ՆՇԵԼՈՒ ՍԻՐՏ ՈՒ ՀՆԱՐ ՉՈՒՆԵԻՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բագրատաշենում` եռահարկ շենքի կիսանկուղային հարկի մեկսենյականոց բնակարանում, գոյատեւում է Մինասյանների ընտանիքը: 1988թ. երկրաշարժի պատճառով  պատերին ճեղքեր են գոյացել, հատակը խոնավությունից ուռել է: Սենյակի անկյունում պառկած է 19-ամյա Աննան, ով մանկուց տառապում է ուղեղային կաթվածով: «Նրան մի քանի տարվա կյանք է մնացել, ամենաշատը 20-24 տարի կարող է ապրել, ինքն էլ գիտի»,-դստեր մասին ասում է Աննայի մայրը` 49-ամյա Սիրուշ Մարալչյանը: Աղջկան թանկ դեղեր են անհրաժեշտ, սակայն նրա հաշմանդամության թոշակը 12.000 դրամ է: Սիրուշը եւ նրա ամուսնալուծված դուստրը` 30-ամյա Հերմինեն, գործազուրկ են: Նրանց հետ նույն սենյակում է բնակվում նաեւ հարսը` 26-ամյա Սվետան` երկու տարեկան դստեր հետ:
Սվետայի ամուսինը` Սեդրակը, արդեն 8 ամիս Վանաձորի քրեակատարողական հիմնարկում է. 2011թ. ապրիլի 13-ից կալանավորված է: Այդ օրը նա` որպես պայմանագրային զինծառայող, գտնվում էր Կոթի գյուղի պաշտպանական դիրքերում: Սակայն մինչ պայմանագրային զինծառայող դառնալը, Սեդրակը դարձել է մաքսանենգության մասնակից: Տիկին Սիրուշի խոսքերով` 2009թ. նոյեմբերի 19-ին համագյուղացի Արմեն Անտոնյանը եկել, ասել է, որ փայտ բեռնելու գործ կա, թող Սեդրակը գա, օգնի: Սակայն փայտ բեռնելու փոխարեն նրան այլ գործ էր սպասում: Գործարար Խաժակ Մանուչարյանը ցանկացել է 50 հատ ոչխար գնել: Արմեն Անտոնյանի հետ համաձայնության են եկել, որ այդ ոչխարները պետք է ներկրվեն Վրաստանից մաքսանենգ ճանապարհով: Այդ նպատակով Արմեն Անտոնյանը 2009թ. նոյեմբերի կեսին հանդիպել է սահմանապահ ուղեկալի պետի տեղակալ Սուրեն Փիլումյանի հետ, պայմանավորվել են, որ վերջինս 350 դոլար կաշառքի դիմաց թույլատրի Դեղձավան գյուղի սահմանապահ ուղեկալի ինժեներատեխնիկական կառույցների 2-րդ դարպասով անցկացնել ոչխարի հոտը:
 Սեդրակ Մինասյանն օգնել է ոչխարներն անցկացնել ուղեկալի դարպասներով:  Անտոնյանը Սեդրակին այդ աշխատանքի համար 3 հազար դրամ պիտի վճարեր, սակայն չի վճարել: Մինչ քննությունը սկսվել է, Սեդրակը դարձել է պայմանագրային զինծառայող, պաշտպանել Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանը: Քննությամբ Սեդրակ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով եւ 329 հոդվածի 2-րդ մասով: 2010թ. սեպտեմբերի 11-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը Սեդրակ Մինասյանին դատապարտել է 3 տարի եւ  մեկ ամիս ազատազրկման: Մաքսանենգության գործով դատապարտվել են նաեւ այլ անձինք: Դատական վճիռը բողոքարկվել է, սակայն մնացել է  անփոփոխ:
Ոչխարների մաքսանենգության կազմակերպիչ Արմեն Անտոնյանը մինչեւ այժմ փախուստի մեջ է: Հերմինե Մինասյանի խոսքերով` Արմենը երկվորյակ եղբոր անձնագրով Բագրատաշենի մաքսակետով հեռացել է երկրից: Հայաստանի երրորդ հանրապետության հոբելյանի կապակցությամբ կիրառված համաներմամբ Սեդրակ Մինասյանի պատիժը մեկ ամսով կրճատվել է, դարձել ուղիղ երեք տարի: Մինասյաններն ընտանեկան նպաստ չեն ստանում: «Նախկինում 10 օրը մեկ պերեդաչի էի տանում Կիրովական, գնալ-գալը 60 հազար դրամ է նստում,  հետո ամիսը մեկ էի որդուս տեսության գնում: Հիմա  փող չկա, երկու ամիս է` նրան չենք տեսել: Դեկտեմբերի 29-ին Սեդրակս դարձավ 29 տարեկան, սակայն չկարողացա նրան տեսության գնալ»,-ասում է Սեդրակի մայրը:
Սիրուշի ամուսինը` 52-ամյա Նորիկ Մինասյանը, առողջական լուրջ խնդիրներ ունի: Նորիկը տան անելանելի վիճակից դրդված` դեկտեմբերի 21-ին տնից հեռացել է անհայտ ուղղությամբ: Հարազատները կարծում են` Ռուսաստան է գնացել, որ կարողանա ընտանիքին ինչ-որ կերպ օգնել: Մինասյաններն օգնության խնդրանքով   շատ տեղեր են դիմել: Սեդրակ Մինասյանը ներման խնդրագիր է գրել Սերժ Սարգսյանին, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունից մերժման պատասխան է եկել: Սեդրակը կրկին ներման խնդրագիր է գրել նախագահին: Նախագահը կների՞ սոցիալական դժվարին վիճակում, ծանր պայմաններում ապրող ընտանիքի անդամին, ով, գործազուրկ լինելով, 3.000 դրամի համար խախտել է հայ-վրացական սահմանը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս