
Լուգանսկի մարզում գտնվող Ռուբեժնոյե քաղաքում արդեն մի քանի ժամ է, ինչ անդադար փոխհրաձգություն է տեղի ունենում: Ուկրաինայի Ազգային գվարդիայի մարտիկները գրոհում են անջատողականների ամրությունները, սակայն վերջիններս պատասխանում են գրոհին:
Գվարդիականները բնակելի թաղամասը եռակի շրջափակման են ենթարկել:
Կռիվը գնում է բոլոր ուղղություններով: Արդյունքում տուժում է նաև խաղաղ բնակչությունը: Փոխհրաձգության հետևանքով վառվել են մի քանի բնակելի տներ, մարդիկ բառացիորեն փախչում են քաղաքից:
Ինչպես տեղեկացնում է НТВ հեռուստաալիքը, երկու կողմից էլ զոհեր կան: Զոհվածների և վիրավորների թիվը հայտնի չէ:
Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավարությունը համոզված է, որ նման իրավիճակում մարզում անհնար կլինի մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունների անցկացումը:
Ինչպես սպասվում է, քվերակությունը կսկսվի կիրակի ժամը 08.00-ից Կիևի ժամանակով (09.00-ին Մոսկվայի ժամանակով) և կավարտվի 20.00-ին (21.00-ին Մոսկվայի ժամանակով):