ԱԼԻՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ երաժշտական օպերետային թատրոնի դերասանուհի է, ավարտել է Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը: Նախ նրան տեսանք Շանթ հեռուստաընկերության «Որոգայթ», ապա «Ժառանգները» սերիալներում: Հիմա էլ հանդես է գալիս «Եզրագծից այն կողմ» սերիալում:
Երկու ձայնասկավառակ ունի: Տեսահոլովակ էլ միտումնավոր չի նկարում. «2001-ին նկարել եմ իմ առաջին տեսահոլովակը, հետո հաջորդ երկուսը: Բայց երբ մեր հեռուստաշուկայում պահանջները փոխվեցին, ես դադարեցի տեսահոլովակներ նկարել: Հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկներ էլ եմ ստացել, բայց համաձայնության չգալով, չեմ նկարահանվել»:
-Հիմա ավելի շատ երգչուհի՞ եք, թե՞ դերասանուհի:
-Օպերետային թատրոնի դերասանը երգող դերասան է: Երկու մասնագիտությամբ էլ զբաղվում եմ, շատ ու քիչ չկա, երկուսն էլ սիրում եմ ու մեծ սիրով անում եմ: Աշխատում եմ երկու ոլորտներում էլ չթերանալ ու հնարավորինս լավ կատարել աշխատանքս: Իսկ որքանով է ստացվում, ինձ լսողներն ու տեսնողները պետք է գնահատեն: Ամեն ինչ անում եմ, որ գործիս մեջ անթերի լինեմ:
-Որտե՞ղ եք երգում: Ի՞նչ երաժշտական գործունեություն եք ծավալում:
-Ճիշտ չի լինի, եթե ասեմ, որ որեւէ երաժշտական գործունեություն եմ ծավալում, ես արդեն շատ վաղուց ուղղակի երգում եմ «Բերլոգա» ռեստորանային համալիրում: Համեցե՛ք, հրավիրում եմ: Մեծ սիրով հատուկ կերգեմ Ձեզ համար:
-Իսկ ինչո՞ւ ռեստորանից այդ ամենը չի տեղափոխվում բեմ: Կա՞ն հիմնավոր պատճառներ:
-Դե դա միայն ինձնից չի կախված: Պետք է ունենաս հատուկ ծրագիր, ներգրավես այլ մարդկանց: Ես էլ առայժմ ոչ մեկի հետ համագործակցելու ծրագրեր չունեմ: Հուսով եմ, դրա ժամանակն էլ կգա:
Հետո էլ գիտեք, ռեստորանից ամուր հիմքերով դպրոց չկա երգչի համար: Ամենօրյա աշխատանքը թույլ է տալիս երգչին օր օրի ավելի բացվել, ավելի կատարելագործվել: Իմ երգացանկում գերակշռող մասը ռուսական երգերն են, բայց կան նաեւ հունական, վրացական… Չնայած ես ինձ ավելի ազատ ու լավ եմ զգում ռուսական շանսոնում:
Այն նեղ շրջանակը, որն ինձ լսում է, գոհ եմ նրանցից: Չեմ հիշում` վերջին անգամ երբ եմ մտել ստուդիա` երգ ձայնագրելու: Դա կապված է տարբեր մանր պատճառների հետ, որոնք շրջանցելով` փորձեցի այլ, ավելի եկամտաբեր դաշտում աշխատել:
-Հայկական շոու բիզնեսում «թայֆայական» կարգ կա: Միշտ նույն դեմքերն են հավաքական համերգներին ու տարբեր նախագծերին: Ձեզ ոչ մի անգամ չենք տեսել այդ շրջանակում:
-Ես ոչ մի տեսակի «թայֆայի» մեջ չեմ մտնում, ինչի համար շատ ուրախ եմ: Չգիտեմ նույնիսկ` ովքեր են մտնում այդ «թայֆաների» մեջ, քիչ եմ առնչվում նրանց հետ: Հանգիստ ու սիրով իմ գործն եմ անում: Նախընտրում եմ ստվերում լինել ու հոգեպես խաղաղ:
-Այնուամենայնիվ, ցանկություն չկա՞ հաճախակի լինել հեռուստաեթերում, տեսահոլովակներ նկարել:
-Հեռուստաեթերում լինելը մեր երկրում դարձել է շատ հեշտ ու պարզունակ: Դրա համար պետք են ընդամենը ֆինանսական միջոցներ, ինչի շնորհիվ մի շաբաթում դու կդառնաս ճանաչված ու կսկսես կրել երգչուհի կամ երգիչ պիտակը: Պետք է գնես երգ, մտնես ստուդիա, վճարես, ձայնագրվես, նկարես տեսահոլովակ, ապա նաեւ վճարես ցուցադրության համար: Վճարում ես ու դու հայտնի ես:
-Ուզում եք ասել` նույնիսկ տաղա՞նդը չի օգնում առաջ գնալ:
-Ոչ բոլոր դեպքերում: Չնայած կան տաղանդավորները եւ դրանց հակառակ մի մասսա, բայց նրանք նույն մակարդակի ճանաչվածության վրա են եւ ընդունվում են լայն մասսաների կողմից:
-Ունե՞նք հայկական շոու բիզնես, թե՞ դա միֆ է:
-Շոու բիզնես կա, բայց նայած թե ինչ մակարդակի վրա է այդ շոու բիզնեսը:
-Եւ ի՞նչ մակարդակի վրա է:
-Կողքից նայելով ու մեջը չգտնվելով` ես բացարձակ ցանկություն չունեմ դրա մեջ հայտնվելու:
-Ինչո՞ւ:
-Որովհետեւ իրար խանգարողները շատ են: Նախքան որեւէ քայլ անելը, ես մտածում եմ` ինչ կտա դա ինձ: Ի՞նչ կտա շոու բիզնեսում իմ լինելը, այդ հարցի պատասխանը ես դեռ չեմ գտել:
-Գո՞հ եք Ձեր վաստակից, թե՞ կարծում եք, որ այն բավարար չէ այն ամենի դիմաց, ինչ Դուք տալիս եք:
-Իմ արած աշխատանքի դիմաց ինչքան որ վարձահատույց լինում են, գոհ եմ: Չնայած ասում են` փողի շատը չի լինում, բայց շատին ձգտողը քչին էլ չի հասնում: Ճոխություններ ինձ չեմ կարող թույլ տալ, չեմ էլ սիրում, բայց ես երբեք հետ չեմ մնում իմ ցանկություններից:
-Իսկ ի՞նչ չունեք:
-Երբ մենակ եմ լինում, մտածում եմ այդ հարցի շուրջ, հիմա դժվարանում եմ բարձրաձայնել: Դե մյուս աղջիկներին ի՞նչ է պակասում: Եթե գլոբալ առումով վերցնենք, ոչնչի կարիք չունեմ:
-Աղջիկների մեծ մասին կանացի երջանկություն է հարկավոր: Ի դեպ, Դուք ամուսնացա՞ծ եք:
-Այդ ճանապարհին եմ: Ունեմ ընտրյալ: Նա իմ ոլորտի հետ կապ չունի, բայց շատ սիրում է այն, ինչ ես եմ անում: Երեւի թե կուզենար իմ ոլորտից լինել, բայց բնությունը խեղճացրել է:
«ՎՃԱՐՈՒՄ ԵՍ ԵՎ ԴՈՒ ՀԱՅՏՆԻ ԵՍ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ