ՀԱՐՑ. Դեռեւս մի քանի տարի առաջ բարձրացվել էր «Հայավտոկայարան» ընկերությունը կոնցեսիոն կառավարման հանձնելու խնդիրը: Վերջերս տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հայտարարեց, թե Երեւանի 2 ավտոկայարաններն էլ պետք է ժամանակակից տեսք ու սպասարկման բարձր որակ ունենան: Ե՞րբ է, ի վերջո, սկսվելու համակարգի վերականգնման գործընթացը:
ՊԱՏԱՍԽԱՆ. «Հայավտոկայան» ՓԲԸ-ն կոնցեսիոն կառավարման հանձնելու պայմանագրի նախագիծը տրանսպորտի եւ կապի նախարարությունն արդեն ներկայացրել է կառավարություն, նաեւ տարբեր շահագրգիռ ընկերությունների եւ գերատեսչությունների քննարկմանը: Կառավարության կողմից կքննարկվի, շահագրգիռ գերատեսչությունների կողմից առաջարկություններ կներկայացվեն, դրանից հետո ծրագիրը կհաստատվի կառավարության կողմից, որից հետո մրցույթ կհայտարարվի եւ այլն: Եւ այս ծրագիրը համակարգվում է կառավարության գործունեության ծրագրով 2012 թվականին որպես գերակա խնդիր: Բայց մինչեւ կոնցեսիոն կառավարման հանձնելը, որոշակի աշխատանքներ իրականացվում են մի քանի ավտոկայաններում: Օրինակ` անցած տարի որոշ չափով վերանորոգվել են Դիլիջանի, Վեդիի, Չարենցավանի ավտոկայանները, իսկ այս տարի սկսվել են Երեւանում Սեւանի փողոցի նոր ավտոկայանի կառուցման շինարարական աշխատանքները:
խոսնակ Սուսան Տոնոյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մինչ հին ավտոկայանները քայքայվում են, նոր ավտոկայանների կառուցման խնդիր է դրվում` հավանաբար երթուղային գծերի մասնատման- վերաբաշխման «անհասկանալի» անհրաժեշտությունից ելնելով: