ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Իրանական, թուրքական, տեղական հեռուստաալիքները գովազդում են Երեւանի Հյուսիսային պողոտայի դատարկ բնակարանները, հորդորում են ձեռք բերել, որովհետեւ գները մատչելի են: Ինչպե՞ս եք գնահատում այդ երեւույթը: Արդյո՞ք չարժե դադարեցնել էլիտար բարձրահարկերի կառուցումը, մինչեւ եղածները լիովին իրացվեն: Դրանց տեղը կարելի է երիտասարդ ընտանիքների եւ բնակչության անապահով խավերի բնակարանային խնդիրների լուծման նպատակով սոցիալական բնակարանաշինություն իրականացնել, խորհրդային ժամանակաշրջանի բազմահարկ, անդուր շենքերի ճարտարապետական տեսքի, ֆիզիկական եւ որակական առողջացման, ամրացման ծրագիր մշակել եւ իրականացնել:

Հրանտ Պողոսյան, 65 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. Հյուսիսային պողոտայի բնակարանները կառուցվել են մասնավոր կազմակերպությունների կողմից, որոնք ձեռք են բերել հողատարածքներ եւ բնակարաններ կառուցել: Պետական բնակարանաշինությունը մեկ այլ բան է, իսկ օրինակ` Հյուսիսային պողոտայի բնակարանաշինությունը` մեկ այլ, դա մասնավոր բիզնես ծրագիր է եւ քաղաքաշինության նախարարության հետ որեւէ կապ չունի:  Իսկ ինչ վերաբերում է երիտասարդ ընտանիքների համար նախատեսված բնակարանաշինությանը, ապա նշեմ, որ դա իրականացվում է ոչ թե քաղաքաշինության նախարարության, այլ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Այս պահին պետական բնակարանաշինություն իրականացվում է միայն աղետի գոտում: Հենց հիմա Գյումրիում, Սպիտակում արդեն 60 բազմաբնակարան շենք գրեթե պատրաստ է, իրականացվում են դրանց արտաքին ենթակառուցվածքների աշխատանքները, եւ ըստ ամենայնի, գարնանն այդ բնակարանները կհանձնվեն իրենց տերերին: Վերջերս` կառավարության նիստերից մեկի ժամանակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսում էր սոցիալական բնակֆոնդի, շինարարական ծրագրերի մասին, բայց քանի որ Հայաստանը գտնվում է ֆինանսատնտեսական  ճգնաժամում, նման տիպի ծրագրեր Երեւանում առայժմ չեն իրականացվի:

ՀՀ քաղաքաշինության նախարարության մամլո
խոսնակ Բաղդասար Մհերյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իրողությունն այն է, որ Հյուսիսային պողոտայի բնակարանների մի մասի համար այդպես էլ տեղում գնորդներ չեն գտնվում, ուստի դրանց տերերը ստիպված են անգամ հարեւան երկրների հեռուստաալիքներին ապավինել` գնորդներ գտնելու հույսով:




Լրահոս