ՀԱՐՑ. 1950 թվականին ավարտել եմ Երեւանի պետական համալսարանը, այն ժամանակ դիպլոմիս մեջ չի նշվել, որ ստացիոնար եմ սովորել: Ունեմ 35 տարվա աշխատանքային ստաժ, ստանում էի 31.000 դրամ կենսաթոշակ: Սեպտեմբեր ամսից սկսած` ստացա արդեն 27.000 դրամ: Վարդենիսի սոցապ ծառայությունում պատճառաբանեցին, որ դիպլոմիս մեջ նշված չէ, որ ստացիոնար եմ ավարտել, դրա համար էլ գումարի չափը կրճատվել է: Կխնդրեի մի փոքր մանրամասնել, ի՞նչն է պատճառը, որ այլեւս 31.000 դրամ չեմ կարող ստանալ: Խնդրում եմ հնարավորության սահմաններում օգնել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ելենա Աղաջանյանի կողմից Վարդենիսի տարածքային բաժին լրացուցիչ ներկայացրած դիպլոմը եւ ուսուցումն առկա լինելու վերաբերյալ Հայաստանի ազգային արխիվի կողմից 12.12.2011թ. տրված թիվ Ա-4686 արխիվային տեղեկանքը փաստաթղթերի հետ համադրելիս պարզվել է, որ դիպլոմում նրա անունը նշված է Լենա, իսկ անձնագրում Ելենա, ինչպես նաեւ ուսման հետ զուգընթաց` սկսած 1950թ. ապրիլ ամսից, աշխատել է Երեւանի թիվ 17 դպրոցում: Ե.Աղաջանյանին տեղեկացվել է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ կետի եւ ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման թիվ 2 հավելվածով սահմանված «Կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու» կանոնների 52-րդ կետի համաձայն` համալսարանում սովորելու ժամանակահատվածը` 3 տարի, աշխատանքային ստաժում հաշվառելու եւ կենսաթոշակը վերահաշվարկելու համար անհրաժեշտ է նշված դիպլոմն իրեն պատկանելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ ներկայացնել տարածքային բաժին:
նախարարության կենսաթոշակային
ապահովության վարչության պետ Սմբատ Սաիյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դժվար է պատկերացնել, թե առանց այն էլ տուժած քաղաքացին մի քանի հազար դրամի համար առնվազն մի քանի շաբաթ կտրամադրի փաստաթղթային խառնաշփոթը հաղթահարելու եւ իր տարրական իրավունքները վերականգնելու համար: Սակայն այլ ելք կարծես թե չկա: