ՄԵԾ ԵՎ ՍՆԱՄԵՋ (խմբագրական)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես` ԱԺ ամենամեծ` թվով 70 պատգամավոր ունեցող ԱԺ Հանրապետական խմբակցության նոր ղեկավարը Վահրամ Բաղդասարյանն է: Այս ընտրությունը բավականին ուշագրավ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Բաղդասարյանն, ըստ էության, երբեք աչքի չի ընկել կուսակցական մտածողության դրսեւորմամբ եւ ոչ միայն հանրության, այլեւ հենց խորհրդարանի ներսում առանձնապես չի ընկալվել որպես վառ արտահայտված ՀՀԿ-ական գործիչ: Ավելին` պարոն Բաղդասարյանը ՀՀԿ-ի շարքերն է ընդգրկվել ընդամենը երեք տարի առաջ` 2011թ-ին,այն էլ` որպեսզի այդպիսով 2012-ի ԱԺ ընտրություններում պատգամավորական մանդատ ձեռք բերելու հնարավորություն ստանա:
Վահրամ Բաղդասարյանի քաղաքական կենսագրության առավել հիշարժան փուլը կապված է ներկայումս ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ 2006թ. «Միավորում հանուն Հայաստանի» անվանումով նոր քաղաքական ուժ ստեղծելու չստացված փորձի հետ: Իսկ մինչ այդ Բաղդասարյանը անկուսակցական էր: Չստացված կուսակցաշինությունից հետո նա տարիներ շարունակ քաղաքականությունից օտարված էր, եւ միայն վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ ՀՀԿ համամասնական ցուցակը լցվեց տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող բազմաթիվ վարկաբեկված գործիչներով եւ ճամբարափոխ երիտկարիերիստներով, այդ ցուցակում տեղ բացվեց նաեւ Բաղդասարյանի համար: Թեեւ Վահրամ Բաղդասարյանի դեպքում չի կարելի խոսել ոչ ճամբարափոխության, ոչ էլ վարկաբեկված լինելու մասին: Պարզապես ՀՀԿ խմբակցության նորընտիր ղեկավարը, այսպես ասած, այնքան էլ ՀՀԿ-ական չէ:
Եվ ամենեւին պատահական չէր, որ նրա ընտրությունը ՀՀԿ խմբակցության ներսում հարուցեց բազմաթիվ հնաբնակ ՀՀԿ-ականների դժգոհությունը, որոնք երեկ մեզ հետ զրույցներում չէին թաքցնում իրենց զարմանքն ու հիասթափությունը:
Բաղդասարյանի ընտրությունը զարմացրել էր նաեւ Աժ մնացած քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Թե ինչու ՀՀԿ ղեկավարությունը նման ընտրություն արեց, այս հարցի հետ կապված երեկ հնչում էին ամենատարբեր բացատրություններ` սկսած Բաղդասարյանի` ներկա եւ նախկին տարբեր պաշտոնյաների (Աղվան Հովսեփյան) հետ ունեցած կապերի մատնանշումից, ավարտած կոնկրետ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի ցանկությամբ:
Իրականում, սակայն, պատճառն այն է, որ ՀՀԿ խմբակցությունում պարզապես համապատասխան թեկնածուներ չկային: Հովիկ Աբրահամյանի` վարչապետ, իսկ Դավիթ Հարությունյանի` նախարար նշանակվելուց հետո,ՀՀԿ-ականները դժվարությամբ կարողացան «լցնել» առաջացած վակուումը: Փաստորեն` 70 պատգամավոր ունեցող խմբակցությունից ընդամենը երկու հոգու հեռացումն այնպիսի ցնցում առաջացրեց, որ խմբակցության ղեկավարի պաշտոնում նշանակվեց եռամյա կուսակցական կենսագրությամբ գործիչ:




Լրահոս