ԴԱՇՆԱԿՑԱՅԻ՞Ն, ԹԵ՞ «ՍԵՊ»-ԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նախատեսված են հանդիպումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հետ, ինչպես նաեւ մասնակցություն ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքներին: Հետաքրքիր զուգադիպությամբ Սերժ Սարգսյանի այցից առաջ երեկ «արտահոսք» կազմակերպեց Երեւանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը: Նա Մոսկվայում լույս տեսնող հայկական «Նոյյան տապան» ռուսալեզու պարբերականին հարցազրույց տվեց այն մասին, որ «անհրաժեշտ է համարում չեզոքացնել Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպություններին, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում»: Ստացվում է, որ Ռուսաստանը ցանկանում է իր ձեռքը վերցնել նաեւ քաղաքացիական դաշտը, եւ սեփական ճաշակով ձեւավորել այն: Հիշեցնենք, որ ընդամենը մի երկու ամիս առաջ էլ «Ռեգնում» լրատվական գործակալությունն էր դիմել ՀՀ իրավապահ մարմիններին` օպերատիվ կերպով արձագանքել «անբարեխիղճ լրագրողների» հրապարակումներին, որոնք ուղղված են Մաքսային եւ Եվրասիական միություններին Հայաստանի անդամակցության գործընթացը կանգնեցնելուն: Հատկանշական է, որ ՀՀ ԱԳՆ-ն, ով երեւի վերջին անգամ, հավանաբար անցյալ դարում է արձագանքել ՌԴ պաշտոնյաներին, զարմանալի «օպերատիվությամբ» հայտարարեց, որ «չեն կարծում, թե որեւիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ»:

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե խորհրդարանում ՀՀԿ-ն մնացել է միայնակ, եւ հիմա 6 խմբակցություններից 5-ը ՀՀԿ-ի դեմ է, ասել է. «Մենք միայնակ չենք, առավելեւս, չենք մտածում սեւի ու սպիտակի մասին: Միգուցե քվեարկություններում միայնակ մնանք, բայց սովորական կենցաղային կամ ընկերական փոխհարաբերություններում մենք միայնակ չենք ու բոլորի հետ կարողանում ենք մեր ապրած կյանքն առաջ տանել»: Սահակյանը նաեւ նշել է, թե 1999թ.-ից իրենք մյուս ուժերին սովորեցրել են, որ ղեկավարման պրոցեսում նրանք էլ կարող են մասնակից լինել: «Բայց ասեմ, որ կոալիցիաները իշխանավարման պրոցեսում դասական ձեւ չեն»,- նշել է նա: Հիրավի անմեկնելի են Գալուստ Սահակյանի քաղաքագիտական վերլուծություններն ու գնահատականները, եւ թերեւս այդ պատճառով է, որ պարոն Սահակյանի հրապարակային հայտարարությունները միանգամից հնչեղություն են ձեռք բերում հանրության լայն շրջանակներում:

 

2012թ. հարուցված եւ ժամանակին մեծ հնչեղություն ունեցած «Գոմեշի մսի» գործով քրեական գործի նախաքննությանը զուգահեռ, այս օրերին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անկախ փորձագետների կողմից հաշվարկներ են արվում` պարզելու, թե կոնկրետ որքան եւ ինչ հարցերում Է ՊՆ-ն տուժել: Հատկանշական է, որ այդ ստուգումները իրականացվում են ոչ թե ՊՆ քննչականում, այլ՝ միանգամայն այլ տեղ, համապատասխան մասնագետների կողմից` խիստ վերահսկողության ներքո: Նշենք, որ այս գործով նախկինում կալանավորվածներ կային (այդ թվում եւ Կապանի մսի կոմբինատի տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը), որոնց մի մասը ստորագրությամբ ազատ արձակվեց: Անդրանիկ Օհանջանյանը որպես փոխհատուցում սառնարան էր կառուցել, եւ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրել, թե ինքը այն պահից, երբ փոխհատուցել է ՊՆ-ի կրած վնասը, այլեւս քննչական գործողությունների չի մասնակցել: Նրան չեն էլ հարցաքննել այլեւս: Այսպիսով, մեղադրյալը «սառնարանով սառեցրել է» քրեական գործի ընթացքը:

 

Հունիսի 8-ին Գորիսում կկայանան քաղաքապետի ընտրություններ: Գորիսեցիները վստահ են, որ այս ընտրությունները լարված են անցնելու, քանի որ թեկնածուներից մեկին` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Գորիսի մասնաճյուղի տնօրեն Վաչագան Ադունցին հովանավորում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, իսկ մյուսին` «Գորիսի Գամմա» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանին` Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանը: Վերջինս, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Խնդրում եմ քաղաքական ենթատեքստ մի տվեք այս հարցին: Մենք ընկերներ ենք եւ ես հպարտանում եմ իրենով»: Նրա խոսքով՝ այս պահին առաջադրված թեկնածուների միջեւ լարվածություն չկա, բայցեւ. «Պատրաստ ենք ցանկացած զարգացումների»: Իսկ ներկայիս քաղաքապետ, 14 տարի շարունակ պաշտոնավարած ՀՀԿ-ական Նելսոն Ոսկանյանը չի առաջադրվելու:




Լրահոս