ՆԱԽԱՐԱՐԻՑ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱ՞Ր
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ քննարկվում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակելու հարցը: Սակայն որոշումը դեռեւս վերջնական չէ, ու ՀՀԿ-ականների համար եւս պարզ չէ` արդյոք կլինի այդ նշանակումը, թե ոչ: Իսկ խորհրդարանում այդ լուրի մասին տեղեկանալով, իրարանցում է ստեղծվել, քանի որ ոչ ոքի «սրտով» չէ այդ նշանակումը: Ոչ ոք չի պատկերացնում Հ. Թովմասյանի հետ իր աշխատանքը: Եթե այս տեղեկատվությունը հաստատվի, ապա կստացվի, որ Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանից հենց այս պաշտոնն էր խնդրել, ինչպես ասում էր լրագրողներին` «ես գիտեմ, թե ինչ եմ ուզել հանրապետության նախագահից»: Ինչպես ժողովուրդն է ասում՝ «էս է՞ր ուզածդ»:
ԾԱՂԻԿԸ ԿՈԿՈՆՈՎ ԹԱՌԱՄԵՑ
Այսօր Երկրապահ կամավորականների միության օրն է: Ժամը 9.00-ին երկրապահները կլինեն Եռաբլուրում, ժամը 11.00-ին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում պատարագ կմատուցվի, իսկ 14.00-ին «Վան» ռեստորանային համալիրում շքանշաններ կհանձնվեն` ԵԿՄ անդամներին: Հարկ է նշել, որ այս ընթացքում թեեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Ռուստամ Գասպարյանն ու Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո) հայտարարել էին, որ իրենք պատրաստվում են ազատամարտիկներին հավաքել մեկ միության մեջ եւ նոր Երկրապահ ստեղծել` «Ազատամարտի նվիրյալների միություն» ՀԿ, այնուամենայնիվ, դա նրանց մոտ այդպես էլ չստացվեց: Բանն այն է, որ պատգամավորներին է հանդիպել ԵԿՄ վարչության ղեկավար Մանվել Գրիգորյանը ու նախատել այդ կառույցի ստեղծման համար: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ շատ վատ դրության մեջ են հայտնվել, քանի որ Գ. Ծառուկյանին նրանք «ոսկե» սարեր էին խոստացել, հայտարարելով, որ իրենք միավորելու են ազատամարտիկներին: Սակայն նրանց այդ խոստումները մնացին «օդում» կախված: Ոչ ոք չհավատաց Ռ. Գեւորգյանին եւ Ռ. Գասպարյանին, որպեսզի նրանց հետեւից գնար: Իսկ իրավիճակն այնքան ծիծաղելի է դարձել, որ ԲՀԿ-ականներն հիմա արդեն հայտարարում են, թե դա եղել է երկու պատգամավորների նախաձեռնությունը, իսկ իրենք եւ ԲՀԿ առաջնորդը որեւէ կապ չունեն դրա հետ: Մինչդեռ իրականում այդ նոր կառույցի հովանավորը Գ. Ծառուկյանն էր ու անգամ որոշ ազատամարտիկներ «թոշակի» ձեւով ֆինանսական օգնություն են ստացել:
ՀԱՏԿԱՑՎԵԼՈՒ Է
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ մշակույթի նախարարությանը 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացվելու է 1,697.9 հազար դրամ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Շիրազի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար: Նախագիծը ներկայացնելու է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: