«ՀՀԿ-Ն ԿԱՐՈՂ Է ԻՐ ԱՊՐԱԾ ԿՅԱՆՔՆ ԱՌԱՋ ՏԱՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահի ընտրություններից հետո ԲՀԿ-ականներն իրենց հայտարարություններով կասկածի տակ դրեցին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի լեգիտիմությունը՝ հայտարարելով, որ իրենք քվեարկել են Հրանտ Բագրատյանի օգտին: Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բնական համարեց այդ հայտարարությունները՝ ասելով, որ եթե ցանկանում էին կասկածներ չլինել, ապա պարզապես հարկավոր էր մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին: Բացի այդ, Գալուստ Սահակյանը գտնում է, որ միգուցե կարող է քվեարկություններում միայնակ մնան, բայց սովորական կենցաղային կամ ընկերական փոխհարաբերություններում իրենք միայնակ չեն ու բոլորի հետ կարողանում են իրենց ապրած կյանքը առաջ տանել: Ինչպես միշտ, անմեկնելի են պարոն Սահակյանի բազմիմաստ արտահայտությունները` հատկապես քաղաքական համեմատությունների տեսքով: Ինչեւէ.

-Պարոն Սահակյան, ինչպե՞ս եք զգում ԱԺ նախագահի պաշտոնում, հարմարվե՞լ եք Ձեր նոր կարգավիճակին:
-Երկար տարիներ եղել եմ խմբակցության ղեկավարը: Իսկ ԱԺ նախագահի պաշտոնում չինովնիկական պարտականություններ են ավելացել՝ հանդիպումներ, ընդունելություններ եւ այլն: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում կհարմարվեմ: Միշտ էլ մարդու համար խորթ է լինում, երբ մի աշխատանքից տեղափոխվում է մեկ այլ աշխատանքի, եւ դա անկախ նրանից՝ պաշտոնի բարձրացում է, թե իջեցում:
-Շարունակելո՞ւ եք պահպանել Ձեր ազդեցությունը՝ քվեարկությունների ժամանակ քվորում ապահովելու հարցում:
-Բնականաբար: Եթե անգամ ԱԺ-ում էլ չլինեի, իմ դերակատարումն այնպիսին է, որ ես ոչ միայն պարտավոր եմ, այլեւ՝ մեծ սիրով եմ դա անում:
-ԱԺ վեց խմբակցություններից հինգը իշխանության հետ չէ: Առաջիկայում ԱԺ-ում կառավարության ծրագիրը պետք է քննարկվի ու հաստատվի: Եթե հինգ խմբակցությունները բոյկոտեն այդ պրոցեսը, ինչպե՞ս կընդունեք, ի՞նչ կանեք:
-Դա իրենց ռազմավարությունը կլինի, եւ ես չեմ պատրաստվում բնութագրել: Համենայն դեպս, մեր թիմը ԱԺ-ում բավականին կազմակերպված է, ու կարծում եմ՝ որեւէ պրոբլեմ չի լինի մեր դիրքորոշումները քվեարկության ժամանակ իրացնելիս:
-Քվորումի խնդիր չեք ունենա՞:
-Ոչ, չենք ունենա: Այսօր նորից հայտարարեմ, որ իմ սկզբունքն է լինելու՝ ԱԺ բնականոն աշխատանքն ապահովելու համար քառօրյա նիստերի ժամանակ որեւէ գործուղում չիրականանա: Եթե պետությանը խիստ անհրաժեշտ լինի, կլինեն բացառություններ: Բայց ես ավելի շատ կարծում եմ, որ անհրաժեշտությունը ԱԺ հանձնաժողովներով ու լիագումար նիստի աշխատանքով է, մնացածը սերվում են դրանից:
-Այնուամենայնիվ, ՀՀԿ-ն ԱԺ-ում մնացել է միայնակ՝ հինգը մեկի դեմ: Այս իրավիճակին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Եթե հազարավոր, հարյուր հազարավոր մարդիկ համակրում են մեզ կամ կուսակցության անդամ են, նման պարագայում միայնակ մնալու խնդիր չկա: Պարզապես մենք ենք ժամանակին՝ 1999թ.-ից սովորեցրել, որ ղեկավարման պրոցեսում մասնակից լինեն նաեւ այլ քաղաքական ուժեր: Այսօր էլ ենք այդ տեսակետին, դրա համար էլ կազմավորվել են կոալիցիաներ: Բայց ասեմ, որ կոալիցիաները իշխանավարման պրոցեսում դասական ձեւ չեն: Կոալիցիաները ստեղծվում են այն ժամանակ, երբ բացարձակ մեծամասնության գոյությունն արդեն չի պայմանավորում հետագա գործընթացներով: Մենք միայնակ չենք, առավելեւս, չենք մտածում սեւի ու սպիտակի մասին: Միգուցե քվեարկություններում միայնակ մնանք, բայց սովորական կենցաղային կամ ընկերական փոխհարաբերություններում մենք միայնակ չենք ու բոլորի հետ կարողանում ենք մեր ապրած կյանքն առաջ տանել:
-Տեսակետ կա, որ իշխանությունների միայնակ մնալը նշանակում է, որ գնում եք արտահերթ ընտրությունների:
-Տեսակետներին մի հավատացեք: Հավատացեք կոնկրետ գործողություններին եւ քաղաքական դաշտի ընդհանուր ակտիվությանը:
-Ինքներդ բացառո՞ւմ եք արտահերթ ընտրությունները:
-Ես կարծում եմ՝ այս պահին նման խնդիր չկա քննարկելու:
-Ասում եք՝ բացարձակ մեծամասնություն ունենալու դեպքում կառավարման դասական մոդելը միայնակ կառավարելն է: Այդ դեպքում 2012թ. ինչու գնացիք կոալիցիայի ձեւավորման:
-Մենք նորից ենք համոզված, որովհետեւ՝ ըստ ժողովրդավարական չափորոշիչների, այն խնդիրը, որ ներկայացնում եմ, այդպես է: Բայց հայաստանյան իրականությունը, քանի որ մենք ե՛ւ ազգային, ե՛ւ պետական լուրջ խնդիրներ ունենք, պիտի բոլորն իրենց մոտեցումներով կարողանան նպաստել իրողություններին: Եվ այդ իմաստով այսօր էլ եմ կարծում, որ լավ կլիներ, եթե քաղաքական ուժերի համախմբում լիներ:
-Կկարողանա՞ք ընդդիմության հետ այսուհետ եւս լեզու գտնել: Նախկինում՝ բավականին սուր էիք արձագանքում ընդդիմադիրների ելույթներին, նրանք էլ Ձեր ելույթի ժամանակ լքում էին դահլիճը:
-Ընդդիմությունը մեր թշնամին չէ, ոչ էլ հակառակորդը: Նրանք մեր մրցակիցներն են, եւ մրցակցության պարագայում ոչ թե լեզու գտնելու խնդիր կա, այլ՝ երբ խնդիրները դնում ես օրինական ու ազգանպաստ, պետական մտածողության մեջ, բոլորն էլ հավաքվում են դրա շուրջ:
-Ձեր լեգիտիմությունը եւս ԱԺ-ում փորձեցին կասկածի տակ դնել, երբ ԲՀԿ-ականները հայտարարեցին, որ Ձեզ չեն ընտրել, կեղծիքներ են տեղի ունեցել:
-Դա բնական է: Ու որպեսզի նման բան չլիներ, ի սկզբանե երբ խոսում էին վերահսկողության մասին, ես հորդորում էի՝ անպայման ներկայացուցիչներ ուղարկեն, որ ասեկոսեներ չլինեն: Ըստ երեւույթին, որպեսզի ասեկոսեներ լինեն, դրա համար հանձնաժողովի անդամներ չտվեցին:

Զրուցեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ




Լրահոս