ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀՀԿ ԽՈՍՆԱԿԻ «ԽՈՍՆԱԿ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դաշտում գործունեություն ծավալող ուժերն ամեն առիթով չեն զլանում կրկնել, որ Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել, որտեղ իրենք պետք է հստակ դիրքորոշում ներկայացնեն: Եվ դա իզուր չէ. Հայաստանում իսկապես նոր քաղաքական իրավիճակ է:

Քաղաքական դաշտում ընթացող խմորումներն անսպասելի ընթացք ստացան Տիգրան Սարգսյանի հրաժարականից եւ ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո: Աժ նախկին նախագահը, ով տեւական ժամանակ համարվում էր ոչ իշխանական «քառյակի»` Տիգրան Սարգսյանի դեմ ուղղված պայքարի ստվերային համակարգողը, ներկայումս ցանկանում է ՀՀ վարչապետի պաշտոնում արդեն հրապարակավ իրեն «ենթարկեցնել» քառյակին: Ու նաեւ այդ նպատակով էլ ապրիլի 25-ին Հովիկ Աբրահամյանն անակնկալ ձեւով հայտնվեց խորհրդարանում եւ մասնակցեց «քառյակի» հրավիրած նիստին:
Բնականաբար, Հովիկ Աբրահամյանի` նման պահվածքը չէր կարող դուր գալ Բաղրամյան 26-ին, քանզի իր պաշտոնավարման կարճ ընթացքում Աբրահամյանը չափից դուրս ակտիվորեն ձեռնամուխ եղավ անձնական PR-ով զբաղվելուն, ինչի արդյունքում, ի դեպ, նրա նկատմամբ հանրային վերաբերմունքի որոշակի դրական փոփոխություն արձանագրվեց: Իսկ նման հարցերին նախագահական նստավայրում բավականին «խանդով» են վերաբերվում: Հետեւաբար` նախագահականից թույլ չէր տրվելու, որպեսզի Հ. Աբրահամյանն անխոչընդոտ շարունակեր իր հեղինակության բարձրացմանն ուղղված քայլերը: Եվ արդեն երբ անհրաժեշտ է լինում որեւէ հարցի հետ կապված ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներին կամ ԲՀԿ առաջնորդին հակադարձել, դա արվում է ոչ թե ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի, այլ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրթերով: Առավելեւս, որ Աբրահամյանը ՀՀ վարչապետ է նշանակվել հենց «քառյակի» եւ, մասնավորապես, ԲՀԿ-ի ամբիցիաները զսպելու համար:
Բանն այնտեղ է հասել, որ Աբրահամյանն արդեն մեկնաբնանում է ՀՀԿ խոսնակի ասածները` այդպիսով, փաստորեն, հանդես գալով Էդուարդ Շարմազանովի խոսնակի դերում: Արդյոք Աբրահամյանը դա անում է գիտակցաբար, թե նա պարզապես այլ ելք չունի` առայժմ պարզ չէ:
Նկատենք, որ ե՛ւ Հովիկ Աբրահամյանը, ե՛ւ Գագիկ Ծառուկյանը իրենց հրապարակային ելույթներում անընդհատ հայտարարում են, որ իրենց «խնամիական» կապերը չեն կարող նպաստել կամ խոչընդոտել քաղաքական զարգացումներին, մինչդեռ իրականում այդ կապերը որոշիչ նշանակություն ունեն: Դա է վկայում նաեւ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությանը Հովիկ Աբրահամյանի` պետք եղածից ակնհայտորեն մեղմ հակադարձումը:
Արձագանքելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ասածին, թե առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակն այլեւս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը, Հովիկ Աբրահամյանը նշել էր. «Անկեղծ ասած՝ դժվար է պատկերացնել, թե պարոն Ծառուկյանի հայտարարությունը ուղղակի հոխորտանք էր ՀՀԿ-ի հասցեին: Դժվար եմ դա պատկերացնում, հատկապես որ յուրաքանչյուր քաղաքական ուժի խնդիրը ոչ թե այլոց քարկոծելն է, այլ՝ սեփական ծրագրերով ու գործունեությամբ քաղաքական դերակատարման ավելացումը: Առավել հավանական եմ համարում, որ պարոն Ծառուկյանը հակադարձել է ՀՀԿ խոսնակի՝ օրեր առաջ արված հայտարարությանը: Եթե դա այդպես է, ապա ցավով պետք է արձանագրեմ, որ այդ հայտարարության իմաստը սխալ է ընկալվել. այն որեւէ այլ կուսակցության դեմ, հատկապես ԲՀԿ-ի դեմ, որեւէ երանգ չի պարունակել եւ վերաբերել է Հանրապետական կուսակցության ինստիտուցիոնալ դերակատարությանը»:
Եթե այս հայտարարությունը քաղաքական, դիվանագիտական լեզվից «թարգմանում ենք» նորմալ հայերեն, ստացվում է, որ Հ. Աբրահամյանն ասում է, թե Գագիկ Ծառուկյանը «գծից» չի շեղվել եւ շարունակում է մնալ իրենց հավատարիմ: Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան կապերի անքակտելիության մեջ օրերս համոզվել են նաեւ ԲՀԿ քաղխորհրդի անդամները, երբ երկուշաբթի օրը հրավիրած քաղխորհրդի նիստում ունեցած իր ելույթում Գագիկ Ծառուկյանը ընդգծել է, որ Հովիկ Աբրահամյանն իր հարազատն է՝ հավելելով, սակայն, որ դա որեւէ ազդեցություն չպետք է ունենա իրենց քաղաքական գործունեության վրա: ԲՀԿ-ականները «Ժողովուրդ»-ի հետ ոչ պաշտոնական զրույցներում նշում են, որ իրենց տպավորությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խնդիր ունի բացառապես Սերժ Սարգսյանի հետ, մինչդեռ Հովիկ Աբրահամյանին նա համարում է «սվոյ»:
Այս համատեքստում անիրագործելի չի թվում առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի քաղաքական ծրագիրն, ըստ որի՝ «հրաշալի քառյակ»-ը պետք է միավորված մասնակցի խորհրդարանական ընտրություններին եւ հավաքի առավելագույն թվով ձայներ՝ այդպիսով ապահովելով Հովիկ Աբրահամյանի` ՀՀ նախագահ առաջադրվելու համար անհրաժեշտ ամուր քաղաքական հենարանը: Համաձայն այս սցենարի` երկրի վարչապետի պաշտոնն էլ պետք է զբաղեցնի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Թե որքանով է այդ սցենարը համաձայնեցված Սերժ Սարգսյանի հետ, դա ապագան ցույց կտա: Թեեւ միշտ արժե հիշել, որ ղարաբաղցիները միմյանց հետ երբեք առճակատման մեջ չեն մտնում: Եվ այս քաղաքական խաղն էլ իրականացվում է հայաստանյան քաղաքական ողջ դաշտը «ծածկելու» եւ նոր ուժերի ի հայտ գալը թույլ չտալու համար: Միով բանիվ` այս ամենի միակ նպատակը 2018 թվականի նախագահական ընտրություններում իշխանությունը ղարաբաղյան կլանի մի անդամից մյուսին անցնցում փոխանցելն է: Դե իսկ Հովիկ Աբրահամյանին էլ այդ ամենի դիմաց կտրվի անգլիական թագուհու կարգավիճակով Բաղրամյան 26-ում աշխատասենյակ ունենալու հնարավորություն: Բայց մյուս կողմից չի բացառվում, որ Աբրահամյանը ղարաբաղյան կլանի սկսած խաղի մեջ ընդամենը երկրորդ ջութակի դերակատարում ունի:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս