ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՍԿԱԾՅԱԼԻՆ ԲԱՑ ԵՆ ԹՈՂԵԼ

Մոտ մեկուկես ամիս առաջ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց գյուղում անվանի ռազմական փորձարկող-օդաչու Վալենտին Նազարյանի առանձնատնից գողացել են շուրջ 30 հազար դոլարի արժեքներ՝ այդ թվում եւ գեղարվեստական նկարներ: Մեր տեղեկություններով՝ ոստիկանության Իջեւանի բաժինը բացահայտել է գողությունը եւ գրեթե ամբողջովին հայտնաբերել գողոնը: Պարզվել է, որ գողերը Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի բնակիչներ են: 5-6 հոգանոց այդ խմբի անդամներից մեկը ներկայումս ՌԴ-ում փախուստի մեջ է, նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում: Վալենտին Նազարյանը խորհրդային տարիներին ռազմական օդանավերի փորձարկող օդաչու էր, նա դժվարին իրավիճակում փրկել է կործանվող օդանավը եւ հատկապես հռչակվել է «ՄԻԳ» օդանավերի փորձարկումների ժամանակ: Իրավապահ մարմիններից տեղեկացանք, որ ոստիկանության Տավուշի քննչական բաժնի Իջեւանի քննչական բաժանմունքի քննիչը դատարանին միջնորդություն է ներկայացրել գողության մեջ կասկածվող Իջեւան քաղաքի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ: Սակայն դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը չի բավարարել այդ միջնորդությունը: Հուսանք, որ գողության մեջ կասկածվողն իրավիճակից օգտվելով՝ փախուստի չի դիմի արտերկիր:

«ԵՐԿՐՈՐԴ ՍՈՐՏԻ» ՉԵՆ

Մայիսի 5-ին Տավուշի մարզում քչերը հիշեցին Ռադիոյի օրը: Ի տարբերություն մայրաքաղաք Երեւանի կամ Արարատյան դաշտի, Տավուշի մարզի եթերում քիչ են ռադիո եւ հեռուստաալիքները: Մարզի բնակիչներին զայրացնում է, որ իրենց տրվող տեղեկատվությունը սահմանափակ է, նրանք բողոքում են, որ իրենց «երկրորդ սորտի» մարդկանց տեղ են դնում: Մարզկենտրոն Իջեւանում հեռարձակվում են միայն Հայաստանի հանրային ռադիոյի հաղորդումները: Մարզի Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններում հեռարձակվում են նաեւ նախկինում «Արմեն Ակոբ» կոչվող ռադիոկայանի ծրագրերը: Մեր տեղեկություններով՝ այդ ռադիոընկերությունը հանդիսանում է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի սեփականությունը:
Սակավաթիվ են նաեւ Տավուշի մարզում հեռարձակվող հանրապետական հեռուստաալիքները: Այս տարեսկզբից Հ2-ը դադարեցրեց իր հաղորդումների հեռարձակումը սահմանամերձ Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջաններում: Հայաստանի հեռուստատեսային ցանցերի Տավուշի մարզային ծառայության պետ Սմբատ Խոսրովյանից տեղեկացանք, որ վերջերս նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերությունն է դադարեցրել իր ծրագրերի հեռարձակումը մարզի մի շարք համայնքներում: Ներկայումս Տավուշի մարզի բնակիչները կարողանում են հետեւել Հ1,«Արմենիա», «Կենտրոն» եւ ռուսական «ՌՏՌ» հեռուստաալիքներին: Սմբատ Խոսրովյանը վստահեցրեց, որ հեռուստածրագրերի թվայնացումից հետո տավուշցիները կարող են դիտել մեկ փաթեթի մեջ մտնող հանրապետական 9 հեռուստաալիքի հաղորդումներ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս