ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳԱՎԱԹԱԿԻՐԸ «ՓՅՈՒՆԻԿ»-Ն Է

Երեկ երեկոյան կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի 23-րդ խաղարկությունը, որի հաղթողը պատվավոր մրցանակի հետ միասին նաեւ Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճեց: Այդ բախտին արժանացավ «Փյունիկ»-ը՝ 2։1 հաշվով հաղթելով «Գանձասար»-ին։
Հայաստանի վեցակի գավաթակիր «Փյունիկ»-ը երկրորդ տարին անընդմեջ հանդես եկավ գավաթի եզրափակչում, որը թիմի համար հոբելյանական էր` 10-րդը: Ընդ որում, «Փյունիկ»-ի մասնակցությամբ վերջին 3 եզրափակիչ հանդիպումներն էլ հաղթական են եղել թիմի համար (2009թ.` «Բանանց»` 1:0, 2010թ.` «Բանանց»` 4:0, 2013թ.` «Շիրակ»` 1:0):
Իսկ ահա 2005 թվականից պատվավոր մրցանակի խաղարկություններին մասնակցող «Գանձասար»-ն իր պատմության մեջ առաջին անգամ էր իրավունք ստացել մասնակցելու գավաթի եզրափակիչ հանդիպմանը:

ՉԵՄՊԻՈՆ՝ 4 ԱՄԻՍ ԱՆՑ

2013 թվականի սեպտեմբերին Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում գյումրեցի Վարդան Միլիտոսյանին չէր հաջողվել զբաղեցնել մրցանակային տեղ. 69 կգ քաշայինների պայքարում մեր մարզիկը երկամարտի 285 (127+161) կիլոգրամ արդյունքով զբաղեցրել էր չորրորդ հորիզոնականը: Սակայն մրցումներից չորս ամիս անց հայտնի էր դարձել, որ այդ քաշային կարգում մրցանակային երեք տեղերն զբաղեցրած ծանրորդները, այդ թվում նաեւ` հաղթող ադրբեջանցի Էլհան Ալիգուլազադեն եւ երկրորդ տեղն զբաղեցրած վրացի Շոթա Միշվելիձեն, արգելված խթանիչներ են օգտագործել, ինչի համար էլ որակազրկվել են: Հետեւաբար, Եվրոպայի՝ մինչեւ 20 տարեկան ծանրամարտի առաջնության հաղթողը օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի որդին եւ անձնական սանն է՝ Վարդան Միլիտոսյանը: Այդ մասին պաշտոնապես տեղեկացրել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային։ Եվ մեզ արդեն հետաքրքրեց այն հարցը, թե տվյալ դեպքում ինչպես է իրականացվելու մեդալի հանձնումը հայ ծանրամարտիկին. այն կուղարկե՞ն, թե՞ կհանձնեն որեւէ միջազգային մրցաշարի ժամանակ։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից մեզ պատասխանեցին, որ այդ հարցը վերջնականապես ճշգրտված չէ։ Սակայն կարեւորն այն է, որ ունենք եւս մեկ չեմպիոն։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս