ՄՈՏԻԿԻՑ ԹՈՒՐՔ ՉՏԵՍԱԾԻ «ԱԶԱՏԱՄԱՐՏԸ» ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վաղուց մի վիճակ է, որ շունը տիրոջը չի ճանաչում: Ով ինչ ուզում՝ ինքն իրեն հռչակում է: Երկար տարիներ Հ2 հեռուստաընկերության «Մերոնք» եւ «Հին ընկերների ակումբ» հաղորդաշարերի հեղինակ եւ վարող Սուրեն Սարգսյանը շատերի պես 2008թ. մտածեց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակն անխուսափելի է, ու որպեսզի չուշանա գնացքից` մի հարյուր գրամ ի պետս քաջության կոնծեց, տաքուկ հեռուստատաղավարը թողեց, գնաց կանգնեց հրապարակի միտինգավորների կողքին: Հետո հաստատ շատ փոշմանած կլիներ, որովհետեւ լավ էլ ապրում էր առատաձեռն հյուրերի հաշվին:

Ահա այսպես խառը վիճակից օգտվելով` հանկարծ Սուրիկը հասկացավ, որ կարելի է ինքն իրեն ազատամարտիկ հայտարարել եւ լուրջ դեմքով ասաց. «Ես պատիվ եմ ունեցել մասնակցել արցախյան պատերազմին, եւ իմ հրամանատարն է եղել Ժիրայր Սէֆիլյանը, իմ մարտական ընկեր «Դուշման Վարդանը»՝ Վարդան Ստեփանյանը»: Ու սկսեց այնքան կրկնել, որ հավատաց իր հորինած ստին, որ կամաց-կամաց «դարձավ» հրամանատար եւ անգամ կազմակերպություն ստեղծեց «ազատամարտիկների ռազմադաշտային խորհուրդ» անունով եւ ինչ-ինչ ծրագրերով կարողացավ հազար ու մի խնդիր ունեցող իսկական ազատամարտիկներից որոշներին «թեքել իր կողմը»:
Իսկ ո՞վ է ազատամարտիկների միավորման «պապան». ի վերջո, Սուրեն Սարգսյանը ի զորու չէր միայնակ որեւէ քայլ անել: Երբ մամուլում հրապարակվել էր նրա ֆինանսական ստնտուի անունը՝ նախկին ԱԱԾ ղեկավար Կառլոս Պետրոսյան, Սուրեն Սարգսյանը կատաղությամբ հերքել էր, թե իրենք կապ ունեն նրա հետ: Անգամ զանգել եւ ահաբեկել էր հոդվածագիր աղջկան, բառացի ասելով. «Էնպես չանեք, որ գտնենք այդ գրողին»: Իսկ կոնկրետ Կառլոս Պետրոսյանից սնվելու մեղադրանքին նա այսպես էր պատասխանել. «Ասեմ, թե ինչու են Կառլոս Պետրոսյանի անունը կապում իմ անվան հետ. ես մոտ մեկ տարի Մոսկվայում էի գտնվում, այնտեղ ընդհանուր ընկերներ կային, մեզ ծանոթացրին, եւ հաճույքով հետը մի բաժակ խմում էի, ինքը հետաքրքիր զրուցընկեր է, իսկ մինչ այդ միայն նկարով էի տեսել: Ընդամենը այդքանը: Մի գարշելի երեւույթ կա. մեր երկրի հատուկ ծառայությունները՝ Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ, բացի «ժուչոկ» դնելուց այլ գործով չեն զբաղվում, իսկ եթե խոսել եմ Կառլոս Պետրոսյանի հետ, ուրեմն լսած պիտի լինեն: Գուցե Գորիկ Հակոբյանը վախենում է, որ Կառլոս Պետրոսյանը ետ կգա, եւ ԱԱԾ-ն տարածում է նման հերյուրանքներ»:
Կհամաձայնեք, որ սրանից լավ ինքնախոստովանություն դժվար է պատկերացնել: Հասկանալի է, որ եթե Կառլոս Պետրոսյանի հետ ընդամենը մի բաժակ բան են խմել, այն էլ՝ հաճույքով, ու բան չեն խոսել, այդ դեպքում Գորիկ Հակոբյանը ինչն է գաղտնալսել, բաժակների զնգո՞ցը ու հերթապահ կենացնե՞րը:
Անկեղծ ասած` ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը լավ էլ հանգամանալից բացահայտել էր ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանի իրական դեմքը, երբ գրել էր, որ իրականում նրան ոչ ոք չի ճանաչում որպես կամավորականի, եւ թող բարի լինի նշելու, թե Արցախում այդ որտեղ է մարտնչել:
Իսկապես՝ սուտ հորինելիս էլ չպետք է մոռանալ մանրամասների մասին. օրինակ, եթե նա մի անգամ կարդացած լիներ, թե ինչպես է գրվում իսկական երկրապահի մարտական ուղին, գոնե գլխի կընկներ` գրել, որ եղել է իր սիրած ոճով «Թուրքի մերը» ջոկատի հրամանատար, եւ կռվել է Պլպուղիի ճակատամարտում, նվաճել Նազարավան, Նազարաձոր ու Նազարաշեն գյուղերը եւ Նազարքենդ քաղաքը՝ դրանք անվանափոխելով Սուրենավան, Սուրենաձոր, Սուրենաշեն եւ Սուրենակերտ:
Հետաքրքիր է` ինչու մեկը չի հարցնում «զոհված հերոս» Սուրիկին, թե ինչ եղավ հարայ-հրոցդ: Ինչո՞ւ էլ չես փրկում Հայաստանը: Կարող է` Ծաղիկ Ռուբոյի ու Ռուստամ Գասպարյանի «Ազատամարտի նվիրյալներ» պրոեկտի տապալման ես սպասում: Հիշեցնենք, որ Սուրիկը հրապարակավ ասել էր, թե Բարգավաճի փողերից չեն խորշի, երկիրը փրկելու համար ամեն ինչի էլ կգնան: Չնայած ինչու պիտի խորշեր: Եթե Հայ Ազգային Կոնգրես կոչված քաղաքական միավորը չամաչեց Ծառուկյանի մեջ տեսնել Հայաստանի փրկչին, Սուրիկի գրպանն էլ չէր ծակի նրա փողը:
Այնպես որ, դժվար չէ կռահել, թե ինչ է լինելու Սուրեն Սարգսյանի ղեկավարած ֆիդայական շարժման վերջը:

ԳՈՀԱՐ ՍԱՐԳՍՅԱՆ
Բրյուսել




Լրահոս