ԳՈՐԻՍՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ ԼԱՐՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 8-ին Գորիսում կկայանան քաղաքապետի ընտրություններ: Այս պահի դրությամբ առաջադրված թեկնածուները երկուսն են՝ անկուսակցականներ Տիգրան Կարապետյանը, ով «Գորիսի Գամմա» ԲԲԸ-ի գործադիր տնօրենն է եւ ավագանու անդամ, «Շանի» ՍՊԸ տնօրեն Հրայր Յոլյանը: Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ ներկայիս քաղաքապետ, 14 տարի շարունակ պաշտոնավարած ՀՀԿ-ական Նելսոն Ոսկանյանը չի առաջադրվելու: Բացի նշված երկու թեկնածուներից, շրջանառվում է նաեւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Գորիսի մասնաճյուղի տնօրեն Վաչագան Ադունցի անունը, ում, ըստ տարածված լուրերի` հովանավորում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Հատկապես այդ պատճառով գորիսեցիները վստահ են, որ այս ընտրությունները լարված են անցնելու:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գորիսի ներկայիս քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը չի մասնակցելու հունիսի 8-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին. «Պարզապես կամք եմ հայտնել չառաջադրվելու: Որոշել եմ այլեւս քաղաքապետ չլինել: Առայժմ զբաղվելու եմ իմ մասնագիտությամբ, այսինքն` շինարարությամբ: Շատ եմ սիրում այն»:
Գորիսի ներկայիս քաղաքապետի` շինարարության հանդեպ ունեցած սերը պատահական չէ. բանն այն է, որ նա հանդիսանում է «Ոսմար» ՍՊԸ-ի հիմնադիրներից մեկը` Անահիտ եւ Արթուր Մարտիրոսյանների հետ: Եվ հետաքրքիր զուգադիպությամբ բոլորովին վերջերս Սյունիքի մարզպետարանը Գորիսի Վանքի տափ թաղամասի ճանապարհի ասֆալտապատման համար ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից ստացված 14 մլն 852 հազար դրամ գումարը հենց «Ոսմար» ՍՊԸ-ին է հատկացրել: Այլ կերպ ասած` Գորիսում ասֆալտապատման իրավունքը տրվել է քաղաքապետին պատկանող ընկերությանը: Իհարկե, նորմալ է, որ պետբյուջեից գումար հատկացվի ասֆալտապատման համար, սակայն, մեղմ ասած, հարցահարույց է, երբ կապալառուն դառնում է այն ընկերությունը, որի հիմնադիրը Գորիսի քաղաքապետն է:
Իսկ թե առաջադրված թեկնածուներից ում կպաշտպանի գործող քաղաքապետը, պարզվեց՝ գաղտնիք է. Ոսկանյանն ասաց, թե չի ցանկանում այդ գաղտնիքը բացել:
Նշենք, որ արդեն 14 տարի է, ինչ ՀՀԿ-ական Ն. Ոսկանյանը Գորիսի քաղաքապետն է: Եվ այսօր գորիսեցիներին հատկապես ուրախացրել է այն փաստը, որ Ոսկանյանը կրկին չի առաջադրվելու. «Ով էլ որ լինի, միեւնույն է, նախկինից լավը կլինի: Դե, հերիք է. 14 տարի է՝ քաղաքապետ է»,- զայրացած նշեցին գորիսեցիները:
Քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված մյուս թեկնածուն` Հրայր Յոլյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այս պահին թեկնածուների միջեւ ոչ մի լարվածություն չկա: Մեր այն հարցին, թե ի՞նչ քաղաքական աջակցություն ունի, թեկնածուն պատասխանեց. «Ինձ աջակցելու է Գորիսի երիտասարդությունը, ժողովուրդը: Անկուսակցական եմ, երբեւէ չեմ եղել կուսակցական եւ չեմ էլ պատրաստվում: Բայց եթե գործնականում պետք լինի` կսատարենք ինչ -որ կուսակցության»:
Քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված մյուս թեկնածուն Սյունիքի մարզի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, «Գորիսի Գամմա» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանն է, ով նաեւ Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմ ընկերն է: Եվ Գորիսում շրջանառվող լուրերի համաձայն` Հակոբյանները սատարելու են հենց նրան: «Խնդրում եմ քաղաքական ենթատեքստ մի տվեք այս հարցին: Մենք ընկերներ ենք եւ ես հպարտանում եմ իրենով»,-նշեց թեկնածուն: Իսկ թե ինչպիսին է ներկայիս քաղաքապետի գործունեության գնահատականը` առաջադրված թեկնածուն չշտապեց նշել, միայն ասաց. «Գնահատականները մենք տալու ենք քարոզարշավի ժամանակ: Սակայն ավելի շատ ներկայացնելու ենք մեր ծրագիրը, խոսելու ենք այն մասին, թե ինչ ենք անելու: Իհարկե լինելու են նաեւ որոշակի գնահատականներ, բայց ժամանակին, հիմա չէ»:
Նրա խոսքով՝ այս պահին առաջադրված թեկնածուների միջեւ լարվածություն չկա, բայցեւ. «Պատրաստ ենք ցանկացած զարգացումների»:
ՀՀԿ անդամ Վաչագան Ադունցը, ով միաժամանակ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Գորիսի պետն է, դեռ չի կողմնորոշվում՝ ինքը որպես քաղաքապետի թեկնածու առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ Ադունցը մեծ ցանկություն ունի առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու, բայց ՀՀԿ մարզային կառույցն այս հարցում դեռ որոշում չունի: «Դեռ հայտնի չէ: Նախ՝ ես չեմ առաջադրում իմ թեկնածությունը, այլ՝ կուսակցությունը: Իսկ ՀՀԿ-ն դեռ չի առաջադրել: Կուսակցությունը տեղյակ է, որ ես ցանկություն ունեմ առաջադրվելու»,-նշեց Ադունցը: «Ժողովուրդ»-ի հարցին՝ ճի՞շտ է արդյոք այն տեղեկատվությունը, ըստ որի՝ նրան սատարելու է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Ադունցը պատասխանեց. «Նաեւ Սուրեն Խաչատրյանը կսատարի, բայց դա համաձայնեցված է հանրապետական մարմնի հետ մինչեւ հանրապետության նախագահ: Իմ որոշումը դեռ քիչ է, պետք է նաեւ կուսակցությունը պաշտոնապես առաջադրի»,-եզրափակեց նա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս