ԱՐԱՄ MP-3-Ի ԵԼՈՒՅԹԸ ՓԱՅԼՈՒՆ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 6-ին կայացավ «Եվրատեսիլ-2014»-ի առաջին կիսաեզրափակիչը: Մեր երկիրը ներկայացնող Արամ MP-3-ը հաջողությամբ հաղթահարեց այդ փուլը եւ մայիսի 10-ին հանդես կգա եզրափակչում։ Եզրափակիչ անցան նաեւ Չեռնոգորիան, Հունգարիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Սան Մարինոն, Ուկրաինան, Շվեդիան, Նիդեռլանդները եւ Իսլանդիան։

Հայաստանի դրոշը խորհրդանշող կրծքազարդը կարմիր նռնաքարից, կապույտ գորգի կտորից եւ նարնջագույն տուֆից պատրաստած դիզայներ-ոսկերիչ Նուռը (Արման Դավթյան) երկու անգամ ուշադիր դիտել է մասնակիցների ելույթները, քանի որ մրցույթի ժյուրիի անդամներից է։ «Երեկ (մայիսի 6-ին-Ռ.Թ.) շատ ուշադիր դիտեցի ոչ միայն Արամի, այլեւ բոլորի ելույթները։ Դրանք դիտել էի նաեւ նախորդ օրը, երբ նույն պայմաններում տեղի էր ունեցել գլխավոր փորձը։ Իսկ ժյուրին հենց գլխավոր փորձից հետո է գնահատում մասնակիցներին։ Արամի ելույթը շատ փայլուն էր, գեղեցիկ, առանց ավելորդությունների։ Հենց դրան էլ բոլորս սպասում էինք. լավ գիտենք նրա ձայնային տվյալները եւ երգային ունակությունները։ Հուսամ, որ սա դրական ազդեցություն կունենա, որպեսզի եզրափակչի ելույթը լինի հաղթական»,- նշեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է մրցույթի ընդհանուր մակարդակին, ապա այն դիզայներ-ոսկերիչը համարում է շատ ցածր. «Եվրատեսիլյան լավ երաժշտության առումով ինչ-որ ճգնաժամային վիճակ է։ Մենք հիշում ենք «ԱԲԲԱ»-ի կամ Սելին Դիոնի հրաշալի երգերն այդ մրցույթում, այլ հրաշալի ձայնային տվյալներ ունեցողներ էին հայտնվում այն ժամանակ։ Հիմա, ցավոք, մրցույթը դարձել է շատ քիչ հետաքրքիր երաժշտական առումով, այն ավելի շատ շոու է, որը PR-ի վրա է հիմնված, բայց երաժշտությունը շատ քիչ է։ Այս անգամ էլ հատուկենտ ելույթներ կային, որոնք հետաքրքիր էին երաժշտական առումով»։
Դեռ մրցույթից առաջ շատերը գիտեին, որ Ադրբեջանի ներկայացուցչի ելույթի ժամանակ հայկական դուդուկ է հնչելու, ինչն էլ եղավ մայիսի 6-ին։ Մեր զրուցակիցը դրան շատ հանգիստ է վերաբերվում. «Դուդուկը հայկական դուդուկի արվեստի շնորհիվ դարձել է միջազգային գործիք, եւ դրա մասին բոլորը գիտեն։ Եվ այն շատերն են ուզում օգտագործել, ինչպես մենք մեր ելույթի մեջ ժամանակին օգտագործել ենք, օրինակ, ջութակը կամ թմբուկները։ Եվ ո՞վ կարող է ասել, որ մենք դա գողացել ենք ինչ-որ մեկից։ Թող օգտագործեն եւ թող ավելի շատ PR անեն մեր ազգային գործիքը»:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

 




Լրահոս