ՀԱՐՑ. Եթե իրավաբանական անձը ցանկանում է պետական գրանցման փոփոխություններ կատարել, ապա ո՞ր դեպքում կարող է դա մերժվել:
Հասմիկ Հովսեփյան (39 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Իրավաբանական անձի փոփոխությունների պետական գրանցման մերժման հիմքերն են՝
ա) իրավաբանական անձի փոփոխությունների՝ օրենքով կամ կանոնադրությամբ սահմանված կարգի խախտումը.
բ) օրենքով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը կամ ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին, ընդ որում, առեւտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության դրույթները օրենքին համապատասխանելու տեսանկյունից չեն ստուգվում.
գ) առկա է իրավաբանական անձի փոփոխության գրանցումն արգելող կամ սահմանափակող դատարանի համապատասխան որոշում կամ վճիռ:
Եթե դիմումը ներկայացնելուց հետո փոփոխությունների պետական գրանցումը սահմանված ժամկետներում չի մերժվում, ապա գրանցումը համարվում է կատարված:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստաթղթային կարգուկանոնը ցանկալի եւ պարտադիր է կազմակերպությունների ընդհանուր գործունեության համար: Եվ հատկապես տնօրեններն ավելորդ գլխացավանքի մեջ չհայտնվելու համար պարտավոր են հետեւել օրենքի յուրաքանչյուր կետին:
ՀԱՐՑ. Եղբորս տղան դեռ տասը տարեկանից ծնողների եւ ընտանիքի հետ բնակվում է արտասահմանում: Ունի այնտեղի գրանցում (Հայաստանի Հանրապետության գրանցում չունի): Արդեն լրացել է նրա 24 տարեկանը, եւ եղբայրս ցանկանում է իր ընտանիքով գալ Հայաստան: Հետաքրքիր է իմանալ, եթե տղան իր քաղաքացիական անձնագրով գա Հայաստան, զինծառայության հետ կապված խնդիրներ կունանա՞, թե՞ ոչ:
Դիանա Քոչարյան (48 տարեկան, դաշնակահարուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման եւ դադարեցման, ինչպես նաեւ երկքաղաքացիության իրավական ռեժիմի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «ՀՀ քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի պահանջների համաձայն` անչափահաս անձանց քաղաքացիությունը որոշվում է նրանց ծնողների քաղաքացիությամբ: Ընդ որում, օրենքը սահմանում է, որ ՀՀ քաղաքացիներ են ճանաչվում նաեւ այն անձինք, ովքեր 1995 թվականի հունվարի 1-ից հետո առանց սահմանված կարգով ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ձեռք են բերել այլ պետության քաղաքացիություն: Նշված անձինք Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում են որպես ի սկզբանե ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք, իսկ որպես այդպիսին` ՀՀ զինապարտ եւ ենթակա պարտադիր զինվորական ծառայության՝ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անկախ այլ պետության քաղաքացի լինելու հանգամանքից, նշված անձինք համարվում են զինապարտ եւ նրանց զորակոչումն անխուսափելի է: Ուստի բոլոր այն երիտասարդներին, որոնք նման ճանապարհով ցանկանում են «փախչել» պարտադիր զինծառայությունից, հորդորում ենք ավելորդ ժամանակ չվատնել եւ չխուսափել պարտադիր զինվորական ծառայությունից:
ՀԱՐՑ. Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում բախվել են երկու ավտոմեքենաներ: Դրանցից մեկի ուղեւորների կյանքին եւ առողջությանը վնաս է հասցվել: Հիմա ուզում եմ հասկանալ, թե վարորդներից ո՞ր մեկն է տվյալ դեպքում հանդես գալիս որպես տրանսպորտային միջոցի ուղեւորներին վնաս հասցնող: Այն տրանսպորտային միջոցինը, որում նրանք նստած էին, թե մյուսինը, որը նրանց բախվել է:
Հայկ Կիրակոսյան (32 տարեկան, առաքիչ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ համաձայն օրենքի անմիջական ցուցման (Քաղ. օր. 1072 հոդվածի կետ 3) առավել վտանգավորվող աղբյուրների սեփականատերերը հավասարապես պատասխանատվություն են կրում այդ աղբյուրների փոխշփման արդյունքում (տրանսպորտային միջոցների բախման եւ այլն) երրորդ կողմին հասցված վնասի համար: Դա նշանակում է, որ տուժածը իրավունք ունի վնասի փոխհատուցման պահանջով հանդես գալ ինչպես բոլոր համապատճառիչ կողմերի նկատմամբ, այնպես էլ վնասի մասնակի կամ լրիվ փոխհատուցում պահանջել յուրաքանչյուրից առանձին (Քաղ. օր. 362 հոդվածի կետ 1):
Վնաս հասցնողը, որը կողմերի մեղավորության աստիճանով պայմանավորված իր բաժինը գերազանցող ծավալով մասնակի կամ ամբողջովին փոխհատուցել է նաեւ մնացած համապատճառիչ կողմերի վնասը, իրավունք ունի պատասխան պահանջներով հանդես գալ մյուս համապատճառիչների նկատմամբ՝ համաձայն Քաղ. օր. 1058 հոդվածի օրենքների:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում եթե մեզ դիմողը հենց երրորդ կողմն է, ապա կարող է առանց ավելորդ խնդիրների եւ քաշքշուկների պահանջել նախատեսված փոխհատուցումը: