Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանել է Հորդանան, որտեղից սկսվում է Մերձավոր Արևելք կատարվող նրա եռօրյա այցը: Ամմանում պապը պատարագ կանցկացնի մարզադաշտում, այնուհետև կհանդիպի սիրիացի փախստականների հետ: Դրանից հետո կմեկնի Իսրայել և Հորդանան գետի Արևմտյան ափ. տեղեկացնում է BBC-ն:
Պապի այցի պաշտոնական նպատակն է ուղղափառ եկեղեցու հետ կապերի ամրապնդումը: Սակայն լրատվամիջոցները կարծում են, որ Ֆրանցիսկոս պապը կփորձի օգտագործել իր հեղինակությունը տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու նպատակով:
Եկեղեցապետը կճանապարհորդի ռավինի և իմամի՝ հայրենի Արգենտինայից իր ընկերների ուղեկցությամբ: Նա հույս ունի Սուրբ հողում բարելավել հարաբերությունները քրիստոնյաների, մուսուլմանների և հուդայականների միջև:
Մերձավոր Արևելք կատարվող այցի շրջանակներում Հռոմի պապը կհանդիպի նաև Կոնստանդնոպոլսի պատրիարք Բարդուղիմեոսի հետ՝ բարեկամության մասին համաձայնագիր ստորագրելու նպատակով: