Երևանում տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Սակայն որքան էլ տարօրինակ է` այդ խորհրդակցությունների թեման ոչ թե Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա բազմաթիվ խրթին և կնճռոտ հարցերն են եղել, այլ … ուշադրություն` Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունները:
Անկեղծ ասած` առաջին հայացքից այս տեղեկատվությունը պարզապես տարակուսելի է թվում, սակայն եթե հաշվի ենք առնում ՀՀ որդեգրած ներկայիս քաղաքական վեկտորը և Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր երկրի օրեցօր վասալային բնույթ ստացող կարգավիճակը` պարզ է դառնում, որ այս խորհրդակցությունները հենց այնպես չէին, և իր նեոկայսերական նկրտումներն այլևս անթաքույց կերպով դրսևորող Ռուսաստանը, փաստորեն, բացահայտ կերպով փորձում է ՀՀ իշխանություններին իր օրակարգը թելադրել նաև այնպիսի հարցերում, ինչպիսին Հյուսիսային Ամերիկայի երկրների` մասնավորապես ԱՄՆ և Կանադայի հետ հարաբերություններն են:
Ավելին՝ առաջիկայում նաև լինելու են խորհրդակցություններ Հարավային Ամերիկայի երկրների մասով, և այլևս ռուս «գործընկերներ»-ը ՀՀ իշխանություններին «հուշելու են», թե ինչ պարբերականությամբ և ինչպիսի ջերմությամբ նրանք պետք է գովաբանեն Հարավային Ամերիկայում Ռուսաստանի դաշնակից պետություններին, ինչպես, օրինակ, Վենեսուելան է կամ Բոլիվիան:
Իհարկե, ոմանք կարող են ասել, թե դա նորմալ աշխատանքային գործընթաց է դիվանագիտական ծառայությունների միջև, և տարբեր երկրներում տարբեր հարցերի շուրջ լինում են նման երկկողմ, նաև բազմակողմ դիվանագիտական կոնսուլտացիաներ: Հետևաբար` ՀՀ և ՌԴ ԱԳն-ների միջև նման խորհրդակցությունների տակ պետք չէ այլ բան փնտրել:
Խնդիրն այն է, սակայն, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երբևէ Ռուսաստանի հետ չի նախաձեռնել նման կոնսուլտացիաներ ոչ միայն երկկողմ հարաբերություններում առկա այնպիսի կնճռոտ հարցերի վերաբերյալ, ինչպես ՌԴ-ում հայ միգրանտների նկատմամբ դրսևորվող անթաքույց ֆաշիզմն է, կամ էլ թշնամական Ադրբեջանին միլիարդավոր դոլարների հզորագույն զինատեսակների վաճառքը, այլև նման խորհրդակցություններ չեն եղել ՀՀ և ՌԴ` միջազգային կազմակերպություններում տարվող աշխատանքների համադրման հարցում:
Ուստի` եթե մենք դեռ վերջնականապես չենք կորցրել մեր երկրի ինքնիշխանությունը, ՀՀ ԱԳՆ-ն լավ կանի նման կոնսուլտացիաներ անցկացնի նաև ԱՄՆ և ԵՄ երկրների ԱԳՆ-ների հետ`գոնե հավասարակշռված արտաքին քաղաքականության երևութականություն ստեղծելու համար: