«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը armlur.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ-ի երեկվա համագումարում հնչեցված Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե «գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական ուժերն այսօր արդեն դիրքավորվում ու վերադիրքավորվում են՝ իրենց համար թիրախ ունենալով 2017-2018 թվականների ընտրությունները` ի տարբերություն ՀՀԿ-ի, որը դեռ պետք է ապահովի երկրի տնտեսական, սոցիալական ու քաղաքական զարգացումը»:
Մարտիրոսյանը չհամաձայնեց Սերժ Սարգսյանի դիտարկմանը`ասելով, որ մեր երկրում նորմալ ընտրություններ չեն անցկացվում, նորմալ իրավիճակում չենք ապրում:
«Ժառանգության» փոխնախագահը հիշեցնում է` իրենք չեն պայքարում հաջորդ ընտրությունների համար: Ինչ վերաբերում է ՀՀԿ կուսակցության ղեկավարի այն հայտարարությանը, թե իշխանությունը մտածում է երկրի սոցիալական ու տնտեսական, քաղաքական զարգացման մասին, Մարտիրոսյանն այլ փաստեր է մատնանշում` մեծանում է արտագաղթը, ավելանում է կաշառակերությունը, փոքր ու միջին բիզնեսը վերանում է, կեղծվում են ընտրությունները:
«Ի՞նչ է նշանակում` 2018-ի ընտրություններին պատրաստվել, եթե մեզ մոտ հաստատվելու է խորհրդարանական համակարգը»,- մտորում է Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը նաև խոսել էր ՀՀԿ-ի հզորացման մասին` ասելով. «Եվ որքան էլ ժամանակի ընթացքում մենք մաքրում ենք մեր շարքերը, որքան էլ չենք հապաղում հեռացնել տարբեր մարդկանց կուսակցությունից, միևնույն է, Հանրապետականն աճում է կայուն տեմպերով»:
Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք` ումից է մաքրվել ՀՀԿ-ն, ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը` այդ հայտարարությունն անելով:
«Դժվարանում եմ ասել. այն անունները, որոնք շրջանառվում են հասարակության մեջ, նրանք ՀՀԿ-ի կազմում են: Իրենք ինքնամաքրվում են, թե՝ ոչ, բայց որ իրենց քայլերի հետևանքով կեղտոտվում են մեր կառավարման համակարգն ու քաղաքացիների շահերը, փաստ է»,-եզրափակեց Մարտիրոսյանը:
Սոնա Դավթյան