Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվել է նոր լուսանկարներով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել Հայոց ցեղասպանությանն ու դրա հետեւանքներին առնչվող լուսանկարների բացառիկ եւ հարուստ հավաքածու:

Ինստիտուտից հայտնում են, թե շուրջ 450 բնօրինակ լուսանկարների հավաքածուն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրատվության կարգով հանձնեցին հունահայ Խանիկյան ընտանիքի ժառանգները` կարեւորելով Հայոց ցեղասպանության հիշողության պահպանումը եւ փոխանցումը սերունդներին:

Լուսանկարների հավաքածուն ներառում է Օսմանյան կայսրության, Հունաստանի, Եգիպտոսի, Սիրիայի որբանոցներին, որբերի կյանքին, Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույցի որբախնամ գործունեությանը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության պատմության առանձին դրվագներին առնչվող լուսանկարներ: Լուսանկարների զգալի մասի դարձերեսին առկա են չափազանց կարեւոր տեղեկություններ հաղորդող գրություններ:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին այս հավաքածուի ձեռքբերումը ոչ միայն խորհրդանշական, այլ նաեւ բացառիկ իրադարձություն է մեր թանգարանի համար, եւ այս լուսանկարներն իրենց ուրույն տեղը կգտնեն 2015 թվականի ապրիլին բացվող թանգարանային նոր ցուցադրությունում: Լուսանկարների մեջ իր կարեւորությամբ առանձնանում է, իհարկե, երիտթուրք պարագլուխ Իսմայիլ Հաքքի բեյի` անգլիացի զինվորականների կողմից ձերբակալության լուսանկարի բնօրինակը»,- նշում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այս եզակի հավաքածուն ձեռք բերելու համար իր երախտագիտությունն է հայտնում Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին:

foto foto1 foto3




Լրահոս