ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ՏՈ՞Ն, ԹԵ՞ ՀՀ ԱԳՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՕՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանը եւ Արցախը տոնում են Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան ազատամարտում տարած հաղթանակները: Հաղթանակներ, որոնք իրոք տոն են ու մեծագույն պատիվ հաղթանակած ժողովրդի համար: Սակայն այսօր ժողովուրդը զգո՞ւմ է այդ հաղթական բերկրանքը: Թերեւս միայն այն փաստը, որ իրենց կյանքի գնով այդ հաղթանակները թշնամուց «կորզած» նախկին ազատամարտիկներն այս օրը տոն չեն համարում, արդեն իսկ խոսում է այն մասին, որ հաղթանակներ տանելը դեռեւս քիչ է, պետք է նաեւ այն պահել ու արժեւորել: Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Մայիսի 9-ը տոնելու առիթ չէ. «Երբ ժողովրդի զգալի մասը սոցիալապես խայտառակ կարիքավոր վիճակի մեջ է, մենք ինչպես կարող ենք տոն կազմակերպել: Ժանտախտի օրոք քեֆ ու խրախճանք ենք անում հա՞, մեր տեսակն այդ հոգեվիճակին չի կարող լինել»: Կամ ինչ տոնական տրամադրության մասին կարող է խոսք լինել, երբ ՀՀ իշխանությունների՝ այս տարիների արտաքին քաղաքականության շնորհիվ, հենց հաղթանակի օրվա նախօրեին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր ելույթում յոթ շրջանները որակում է որպես «գրավյալ տարածքներ», իսկ ԱՄՆ պետքարտուղարությունն էլ նշում, թե դա իր պաշտոնական դիրքորոշումն է: Եվ զարմանալի է, թե ՀՀ արտգործնախարարությունը (ԱԳՆ) թաքնվելով դռների հետեւում ու ծպտուն անգամ չհանելով, ինչպե՞ս է վաղը տոնելու Արցախի հաղթանակի օրը:

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործուղումների մեկնելը լուրջ խնդիր է դարձել ԱԺ-ում, ավելին՝ վերջին ամիսներին, պատգամավորներին գործուղումների ուղարկում են հնարավորինս քիչ եւ կարճ ժամանակով: ԱԺ ղեկավարությունը պատգամավորներին գործուղման է ուղարկում կոնկրետ տվյալ միջոցառման օրը, եւ պահանջում վերադառնալ միջոցառման ավարտից անմիջապես հետո: Այնինչ, նախկինում պատգամավորները հնարավորություն ունեին գործուղման մեկնել մեկ-երկու օր շուտ, եւ ավելի մնալ մի քանի օր: Ինչպես ասում են՝ պետության հաշվին արտասահմաններում թրեւ գալը մեր ազգընտիրների սիրելի զբաղմունքն է եղել: Սակայն այժմ, «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ, պատգամավորներին նաեւ խնդրում են՝ եթե այդ միջոցառման ժամանակ ելույթ կամ զեկույց չունեն, ապա լավ կլինի՝ ընդհանրապես չմեկնեն: Այս իրավիճակի պատճառը ֆինանսների բացակայությունն է. ԱԺ-ն ի վիճակի չէ պատգամավորին մեկ-երկու օրվա գիշերակացի եւ օրապահիկի գումար տալ` պատճառաբանելով, որ բյուջեում գումար չկա: Երկրորդ պատճառը կարծես թե քվորում չապահովելու մտավախությունն է:

 

Առաջիկայում 10 կամ մինչեւ 30 մլն դրամի շրջանառություն ունեցող ընկերություններն ազատվելու են հարկերից: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո հանդիպեց գործարար դաշտի ներկայացուցիչների հետ եւ խոստացավ, որ ամեն ինչով կաջակցի իրենց: Կա՞ արդյոք նման օրենքի կամ ՀՀ կառավարության որոշման նախագիծ, այս հարցով «Ժողովուրդ»-ը դիմեց ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղից պատասխանեցին, որ կոմիտեի կողմից մշակվել է «Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որը նպատակ ունի նվազեցնել ՓՄՁ-ների հարկային բեռը, ինչպես նաեւ հնարավորինս կանոնակարգել փաստաթղթաշրջանառությունը: Այս պահին օրենքի նախագիծը գտնվում է շահագրգիռ մարմինների հետ քննարկումների փուլում, արդյունքների ամփոփումից հետո հնարավոր կլինի ավելի կոնկրետ տեղեկություն տրամադրել, թե հարկ վճարողների որ շրջանակներին է դա վերաբերելու:

 

Վահրամ Բաղդասարյանի նշանակումը ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում ՀՀԿ-ում լուրջ դժգոհությունների տեղիք է տվել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ հատկապես հին ՀՀԿ-ականները չեն համակերպվում այն մտքի հետ, որ իրենց ղեկավարելու եւ ցուցումներ է տալու ՀՀԿ շարքերն ընդամենը երեք տարի առաջ, այն էլ՝ ԱԺ ընտրությունների նախաշեմին համալրած մի անձնավորություն, ում անունը ոչ վաղ անցյալում կապված էր մի շարք աղմկահարույց հանցագործությունների հետ: Մասնավորապես մամուլը ժամանակին մանրամասն անդրադարձել էր 2007թ. ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ ապրիլի 26-ին, Վանաձորում Հրանտ Հակոբյանի սպանությանը, երբ Վահրամ Բաղդասարյանի կողմնակիցները, Վանաձորի ավագանու նախկին անդամներ Սամվել Դիլոյանը եւ Վահագն Ավատյանը «Թեժ լեռ» կոչվող տարածքում ծեծել, այնուհետեւ՝ դանակահարել էին Հրանտ Հակոբյանին: Վահրամ Բաղդասարյանը սպանության գիշերը մնացել էր Վանաձորի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի աշխատասենյակում, քննարկելու սպանության կոծկման մանրամասները:




Լրահոս