Վերջին նշանակումներն է՛լ ավելի ակնհայտ դարձրին իշխող ՀՀԿ-ի կադրային սնանկությունը: Այս ամենի գագաթնակետը եղավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում Վահրամ Բաղդասարյանի նշանակումը: Ու հիմա պետք է արձանագրենք՝ այսօր իշխող ՀՀԿ խմբակցությունը ղեկավարում է մի անձ, ում անունը կապված է մութ պատմությունների, այդ թվում նաեւ՝ սպանության հետ: Խոստովանենք, ավելի վատ ընտրություն չէր կարելի սպասել:
Մամուլը ժամանակին մանրամասն անդրադարձել է 2007թ. ապրիլի 26-ին Վանաձորում Հրանտ Հակոբյանի սպանության մանրամասներին: Միջադեպը տեղի էր ունեցել ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ: Այդ տարիներին ընդդիմադիր պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի մրցակիցն էր իշխանությունների աջակցությունը վայելող Վահրամ Բաղդասարյանը: Եվ Բաղդասարյանի շտաբի անդամները Վանաձորի ավագանու անդամ Սամվել Դիլոյանի գլխավորությամբ, պարբերաբար խանգարում ու խոչընդոտում էին Դալլաքյանի քարոզարշավին, ընդհուպ մինչեւ հարձակվել էին թեկնածուի վրա: Իսկ արդեն ապրիլի 26-ի նախընտրական հանդիպմանը Բաղդասարյանի կողմնակիցները Դիլոյանի գլխավորությամբ լեզվակռվի էին բռնվել հանդիպման մասնակիցներից Հրանտ Հակոբյանի հետ՝ պահանջելով, որ նա ոչ միայն հեռանա քարոզարշավի վայրից, այլեւ իր հետ տանի շենքի բնակիչներին: Հավաքվածներին հաջողվել էր մի կերպ հանդարտեցնել կռիվը: Սակայն Վահրամ Բաղդասարյանի կողմնակիցները խոսակցությունը շարունակելու համար Հ.Հակոբյանին երեկոյան ժամադրել էին «Թեժ լեռ» կոչվող տարածք: Այստեղ էլ Սամվել Դիլոյանը Վանաձորի ավագանու մեկ այլ անդամի՝ Վահագն Ավատյանի հետ ծեծել, այնուհետեւ՝ դանակահարել էր Հրանտ Հակոբյանին: Ըստ այն ժամանակվա մամուլի հրապարակումների՝ Վահրամ Բաղդասարյանը սպանության գիշերը մնացել էր Վանաձորի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի աշխատասենյակում՝ քննարկելու սպանության արդարացման մանրամասները: Ու քանի որ Վ. Բաղդասարյանի թիկունքում ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էր, սպանությունը շատ արագ որակվեց ինքնապաշտպանություն՝ ողջ մեղքը գցելով հանգուցյալի վրա: Կարճ ժամանակ ազատազրկման վայրում անցկացնելուց հետո, Վ.Բաղդասարյանի ջանքերի շնորհիվ, նրա կողմնակիցները հայտնվեցին ազատության մեջ: Սակայն, Վահրամ Բաղդասարյանի հովանավորյալ Սամվել Դիլոյանը նախորդ տարի կրկին հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում. այս անգամ՝ փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեղադրանքով:
Ի դեպ, Վահրամ Բաղդասարյանի անունը մամուլում հայտնվեց նաեւ 2012թ. դեկտեմբերին. ըստ շրջանառվող լուրերի՝ Մասիս քաղաքում գտնվող «Ռենեսանս» ռեստորանում ՀՀԿ խմբակցության անդամների մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի ընթացքում ՀՀԿ-ական պատգամավորներ Մուրադ Մուրադյանը եւ Վահրամ Բաղդասարյանը ծեծել էին միմյանց, եւ Բաղդասարյանը կոտրել էր Մուրադ Մուրադյանի ծնոտը: Ճիշտ է, այն ժամանակ նրանք երկուսն էլ հերքում էին միջադեպը, բայց հասկանալի է՝ այլ կերպ չէին կարող վարվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վահրամ Բաղդասարյանի նշանակումը ՀՀԿ ներսում լուրջ դժգոհությունների տեղիք է տվել: Հատկապես, հին ՀՀԿ-ականները չեն ցանկանում համակերպվել այն մտքի հետ, որ իրենց ղեկավարելու եւ ցուցումներ է տալու ՀՀԿ շարքերն ընդամենը երեք տարի առաջ, այն էլ՝ ԱԺ ընտրությունների նախաշեմին համալրածը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ