ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՎԱՍՏԱԿԱԾ» ՀԱՆԳԻՍՏ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այժմ գտնվում է Երեւանում ու իր հանգիստն է վայելում: Տարածված տեղեկությունները, թե Տ. Սարգսյանը մեկնել էր Չինաստան` եղբոր մոտ, պարզվում է, իրականությանը չեն համապատասխանում: Մեր տեղեկություններով՝ նախկին վարչապետն այս օրերին իր ընտանիքի անդամների հետ շրջագայել է ՀՀ տարածքով` Գորիս, Սեւան, եղել է նաեւ Արցախում: Իսկ նախօրեին էլ Տ. Սարգսյանը Երեւանում երկար ժամանակ զբոսնել է, եղել է նաեւ «Առագաստ» սրճարանին հարակից այգում: Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետը սպասում է իր ագրեմաի պատասխանին, որից հստակ կդառնա, թե Տ. Սարգսյանը որտեղ կնշանակվի ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Ներկայումս, ամենահավանական տարբերակը Բելգիայում ՀՀ դեսպան նշանակվելն է:

ՕՐՀՆՅԱԼ ՆԱԽԱՐԱՐԸ

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանն ամենեւին էլ աղքատ մարդ չէ, այլ ընդհակառակը՝ նրան հանգիստ խղճով կարելի է դասել հարուստների շարքին: ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ նախարարն ունի սեփական տուն, ամառանոց, հողամաս, նաեւ «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենա: Իր բանկային հաշվին նախարարը հայտարարագրել է 14 մլն դրամ ու 48 հազար ԱՄՆ դոլար: Ընդ որում, այդ 48 հազար դոլարը նախարարը որպես փոխառնություն վերցրել է ինչ-որ մեկից (անունը հայտարարագրում ջնջված է): Նկատենք, որ սովորաբար պաշտոնյաները գալիս են համեստ ունեցվածքով եւ հեռանում մի քանի անգամ հարստացած: Հետաքրքիր է՝ երբ Մուրադյանն այլեւս նախարար չլինի, նրա ունեցվածքը որքա՞ն կլինի:

ՊԱՅՔԱՐ ՔՆԱՊԱՐԿԵՐՈՎ

«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած ավելի քան 160 բնակարանատերեր մեծ քանակությամբ քնապարկեր են գնել: Եվ եթե առաջիկայում իրենց հարցին լուծում չտրվի, ապա նրանք գիշերներն անցկացնելու են «Տոնուս» շինարարական ընկերության կողմից կառուցված, բայց «Արցախբանկ»-ում գրավադրված շենքերի մոտ: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեցին դժգոհող քաղաքացիները: Ի դեպ, երեկ տուժած քաղաքացիները բողոքի ակցիա անցկացրեցին նախ «Արցախբանկ»-ի, ապա՝ ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանց մոտեցավ կառավարության նամակների եւ բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով չտվեց քաղաքացիներին հուզող հարցերի պատասխանը: Կառավարության նիստի ավարտից հետո բնակիչները «շրջափակեցին» արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին, նրան գցելով անհարմար դրության մեջ: Վերջինս տուժած քաղաքացիներին խոստացավ տասն օր անց հանդիպում նշանակել: Հիշեցնենք, որ «Տոնուս»-ի սեփականատերը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանն էր:




Լրահոս