«ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ»՝ ԸՍՏ ՈՒՈՐԼԻՔԻ ԵՎ ՕՍԿԱՆՅԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն իր ձեռքն է վերցրել ԼՂ խնդրի լուծման նախաձեռնությունն ու հիմա փորձում է ակտիվություն մտցնել բանակցային պրոցեսում: Այս մասին է վկայում նախօրեին Քարնեգի հիմնադրամում ԼՂ խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքի զեկույցը, որին հետեւեց ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը, թե իր հայտարարություններով ամերիկացի դիվանագետը վերահաստատել է ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ հարցում:

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը թվարկել է ԼՂ խնդրի լուծման 6 հիմնական «տարրերը, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն»: Ըստ Ուորլիքի՝ այդ տարրերի մանրամասները պետք է որոշվեն բանակցությունների միջոցով, սակայն դրանք պետք է դիտարկվեն որպես անբաժանելի ամբողջականություն:
«Առաջին. հաշվի առնելով ԼՂ բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված եւ իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով` ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:
Երկրորդ. նախկին ԼՂ Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ եւ ինքնակառավարում:
Երրորդ. ԼՂ-ն շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել եւ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:
Չորրորդ. պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը ԼՂ հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:
Հինգերորդ. տեւական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների, փախստականների` իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:
Եվ վերջապես վեցերորդ. կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»,- ասել է նա:
Ամերիկացի համանախագահի թվարկած սկզբունքներն ամենեւին նորություն չեն. Ուորլիքն ամբողջությամբ կրկնում է 2007թ. նոյեմբերին հակամարտող կողմերին ներկայացված Մադրիդյան սկզբունքները: Նույն սկզբունքներն իրենց համատեղ հայտարարության մեջ ամրագրել էին նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահները՝ Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին ու Դմիտրի Մեդվեդեւը Լ՛Աքվիլայում՝ 2009թ. հուլիսին:
Սակայն այստեղ կա մեկ նրբություն. եթե Մադրիդյան սկզբունքներում նշված է՝ «ԼՂ շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը», ապա Ուորլիքն իր խոսքում յոթ շրջանները որակել է «գրավյալ», ավելին՝ ԱՄՆ պետքարտուղարությունն էլ նշել է, թե դա իր պաշտոնական դիրքորոշումն է: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն էլ «Թվիթեր»-ի իր էջում է հայտարարել «ԼՂ շուրջ գտնվող գրավյալ տարածքներն Ադրբեջանին հանձնելու» մասին: Ամերիկացի դիվանագետների՝ իրար լրացնող հայտարարություններում «գրավյալ տարածքներ» ձեւակերպումն ամենեւին էլ պատահական չէ: Իսկ դա հետեւանք է ՀՀ իշխանությունների ապաշնորհ դիվանագիտության, եւ վկայությունն այն բանի, որ Սերժ Սարգսյանն արտաքին քաղաքականության մեջ պարզապես ձախողվել է` հողին հավասարեցնել Հայաստանի Հանրապետության վարկանիշը միջազգային ասպարեզում: Եվ այդքանից հետո ՀՀ իշխանություններն այդպես էլ որեւէ կերպ չեն արձագանքում կատարվածին. նրանք համառորեն լռում են՝ «գրավյալ տարածքներ» ձեւակերպման վերաբերյալ, չտալով համարժեք պատասխան: Չնայած ինչ պատասխանեն, երբ հանուն ճշմարտության, պետք է ասել, որ առաջին անգամ «գրավյալ տարածքներ» տերմինը հենց անգլերեն առոգանությամբ առաջինը հնչեցրեց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ուղիղ 13 տարի առաջ, 2001 թ. հենց մայիս ամսին, ՀՀ ԱԺ նիստի ժամանակ, հետո էլ մեկնաբանեց իր իսկ ասածը, թե «…զարմանում եմ, որ այդպիսի աղմուկ է բարձրացել, որովհետեւ այն, ինչ վերագրվում է այդ տերմինին, բացարձակապես իմ մտքում չի եղել: Ես այդ տերմինը միշտ էլ օգտագործել եմ, որովհետեւ «օկուպացված» ինձ համար, որ անգլերենից եմ ես հայկականացրել, occupied (օքյուփայդ) բառն է, որը նշանակում է զբաղեցնել: Դա ասելով՝ նկատի ունեմ հայերի ու ԼՂ-ի բանակի կողմից զբաղեցված տարածքները»: Դե Ուորլիքն էլ երեւի Օսկանյանի մեկնաբանությունն է կարդացել ու շարունակել:
Նկատենք, սակայն, որ Ուորլիքի վեց կետերը մերժել է պաշտոնական Ստեփանակերտը՝ ԼՂՀ ԱԳ նախարարության իր հայտարարությամբ: «Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող: ԼՂ ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991 թվականի անկախության հանրաքվեի ժամանակ՝ ազատ եւ իրավական կամարտահայտության միջոցով: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որեւէ սակարկության»: ԼՂՀ արտգործնախարարության հայտարարությունը թերեւս միակ սփոփանքն է այս պահին, որ կարող է զգալ հայ հանրությունը:
Իսկ ահա Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել սկսել աշխատանքը ԼՂ հակամարտության լուծմանն ուղղված խաղաղ համաձայնագրի վրա: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ, եւ եթե, առաջին հերթին, Հայաստանի Զինված ուժերը դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից, բոլոր խնդիրները կարող են լուծվել»,- ասել է նա:
Հ.Գ. Երեկ ուշ երեկոյան համացանցում տարածվեց Ուորլիքի հայտարարությանը քննադատողներին ուղղված Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան միկրոբլոգում հայտնված գրառումը, որում ասվում է. «Գոյություն ունի երեք հնարավոր ելք` բանակցությունների միջոցով կարգավորում, անընդունելի ստատուս քվոյի պահպանում կամ պատերազմ: Նրանք, ովքեր քննադատաբար են մոտենում Ուորլիքի հայտարարությանը, պետք է հիշեն, որ բանակցությունների միջոցով ցանկացած կարգավորում փոխզիջում է ենթադրում: Եթե կողմերը մինչեւ վերջ իրենց ուզեցածը պահանջեն, ապա շատ ու շատ երկար են սպասելու»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս