ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարգին, ցենտր տղա ա, իմ ընգերն ա, ու մենք իրար հետ շատ լավ ենք, լավ էլ կաշխատի… Դու արդեն բզբզում ես, պրովոկացիոն հարցեր ես տալիս: Ասի՝ իմ ընգերն ա ու լավ կաշխատի»։

 

Նահապետ Գեւորգյան «Հրապարակ»

ՀՀԿ խմբակցության նորանշանակ ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարող է լինել շատ լավ մարդ, բայց ոչ «կարգին, ցենտր տղա», քանի որ «կարգին, ցենտր տղաների» տեղը պետք է լինի ոչ թե ԱԺ-ն, այլ Երեւանի եւ այլ քաղաքների ու համայնքների բակերը, իրենց լեզվով ասած՝ քուչեքը: Արդարության գոյության դեպքում նույն տեղում պետք է լինեն նաեւ նման բառապաշար ու գրագիտության մակարդակ ունեցող պատգամավորները, իսկ նրանց պետք է փոխարինեն բարեկիրթ, գրագետ եւ հայերեն խոսել կարողացող մարդիկ: Բացի այդ, ՀՀԿ-ական պատգամավոր Նովոյի «ընգեր» լինելը ոչ միայն լավ աշխատելու չափանիշ չէ, այլ հակառակը՝ շատ մտահոգիչ:

 
«ՀՀԿ-ում հակասություն չկա, բայց բազմակարծություն կա»:

Կարեն Ավագյան Yerkir.am

Հետաքրքիր է՝ իսկ ինչպե՞ս ասպարեզից հեռացվեց Տիգրան Սարգսյանը ու նրան փոխարինեց Հովիկ Աբրահամյանը: Այդ երկուսի միջեւ հակասությունը տարիներ շարունակ ավելի քան ակնհայտ է եղել: Այնպես որ, երիտհանրապետականը տեղերը խառնում է, իրականում կա հակասություն եւ չկա բազմակարծություն: ՀՀԿ-ում կա մի կարծիք՝ իրենց նախագահի կարծիքը: ՀՀԿ-ականները եթե նույնիսկ այլ կարծիք էլ ունենում են, ստիպված են լինում դրանք պահել իրենց մեջ: Ամեն դեպքում, մինչ օրս որեւէ մեկը չի լսել, որ ՀՀԿ-ի խորհրդի կամ ԳՄ-ի նիստւմ գոնե ձեւական մեկ այլ կարծիք հնչած լինի: Իսկ եթե հնչել է, երեւի նիստերից հետո` քյաբաբնոցներում:

 

«Երկրապահը ոչ միայն կոչում է, այլ նաեւ հոգեվիճակ»:

Տարոն Մարգարյան 1in.am

Եթե հայոց լեզվից մեր գիտելիքները չեն կաղում, ապա «երկրապահ» նշանակում է երկիր պահող, նաեւ տրամաբանորեն ԵԿՄ անդամ պետք է լինեն Արցախյան ազատամարտի մասնակիցները, կամավոր սկզբունքներով կռվածները: Իսկ Երեւանի քաղաքապետի պաշտոն զբաղեցնողը նույնիսկ ազգային բանակում ծառայելուց է խուսափել, էլ ուր մնաց՝ կռված լինի: Բայց նա ԵԿՄ վարչության անդամ է, ու դա երեւի հենց այն հոգեվիճակի արտահայտությունն է, որի մասին ասում է Տարոն Մարգարյանը: Փաստորեն նրա մոտ «երկրապահի հոգեվիճակ» է՝ բանակում ծառայած չլինելով պաշտոն ստանալը եւ 6 միլիոն դոլար դիզելը: Իհարկե, դրանից էլ լավ հոգեվիճա՞կ:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս