ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԿԱՍԿԱԾԵԼԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

2013թ. հունիսի 25-ին, ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործ` Երեւանի պետական համալսարանի երկու ավագ հաշվապահների կողմից ուսանողների վարձավճարներից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ: Ավելի ուշ Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը: Յուրացման դեպքից 10 ամիս անց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, որ բուհի ներսում քննիչները որոշ ժամանակ առաջ ավարտել են ստուգումների արդյունքները. «Ինձ անձամբ հայտնեցին, որ բուհում ստուգումների արդյունքներն ավարտվել են ու իրենց ինչ պետք էր՝ պարզել են: Այլ բան չեն հայտնել ու հիմա երեւի քննչականում են քննությունը շարունակում, այդ ամենից ես տեղյակ չեմ»,-ասաց բուհի ռեկտորը` վստահեցնելով, թե երկու հաշվապահներից բացի այլ մարդ յուրացման հետ կապ չունի: Իչքանով է վստահ Արամ Սիմոնյանը, որ հաշվապահներից բացի այլ մարդիկ չեն ներգրավվի այս գործում, զարմանալի է, քանի որ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է:

ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՊՐԵԼ

2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ մեղադրող Արթուր Զաքարյանը դատարանից պահանջեց Դավիթ Խաչատրյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման: Այս հայտարարությունից հետո ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը հացադուլ հայտարարեց: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, Դավիթի եղբայրը` Վարդան Խաչատրյանն, ասաց, որ դատից հետո խոսել է եղբոր հետ, համոզել, որ նման քայլի չգնա, բայց ոչ մի արդյունք. «Եղբայրս ինձ ասաց, թե ավելի լավ է մեռնի, քանի որ ասում է, չեմ դիմանա: Ինչ անեմ կամ ինչ կարող եմ անել, երանի արդարությունը հաղթեր»:

ԼՈՒՐԸ ԳԱՂՏՆԻ ԷԻՆ ՊԱՀԵԼ

2014թ. հունվարի 27-ին Սարյան փողոցում սպանված քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի` Թեւոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի գործով դեռեւս սայլը տեղից չի շարժվում: Նշենք, որ վերջերս գործի քննությունը ոստիկանությունից տեղափոխվեց Ազգային անվտանգության ծառայություն: Հիշեցնենք, որ այս գործով կալանավորված են «Դուքենդո» Ֆեդերացիայի նախկին անդամ Իսրայել Սարգսյանը եւ սպանված Արթուր Սաֆարյանի սանիկ` Տիգրան Ասատրյանը: Ապրիլի 22-ին մահացել էր Իսրայելի հայրը եւ մինչ օրս նրան ոչ ոք համարձակություն չէր ունեցել հայտնել լուրը: Մեզ հասած տեղեկություններով՝ Իսրայել Սարգսյանի կնոջն ու մորը թույլ են տվել գնալ Ազգային անվտանգության ծառայություն եւ Իսոյին հայտնել հոր մահվան լուրը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նրա պաշտպան Գայանե Գալոյանը: Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով, Իսրայելն իր հարազատներին վստահեցրել է, որ հանգիստ լինեն, ինքն այս գործի հետ կապ չունի, իսկ ԱԱԾ-ն մինչ օրս որեւէ նոր մանրամասներ չի կարողացել հայտնաբերել:

ՄԱՀԱՑԱՎ ԾԵԾԻՑ

Armlur.am-ի տեղեկություններով՝ մայիսի 5-ին շտապօգնության թիվ 2 ենթակայանից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի տներից մեկում երիտասարդ է մահացել: Ոստիկանության ՀԿԼՎ-ից հայտնեցին, որ օպերատիվ խումբը պարզել էր՝ մայիսի 4-ին Արա Թադեւոսյանը մարմնական վնասվածքներով եկել է տուն եւ հարազատներին հայտնել, որ անհայտ անձի կողմից ծեծի է ենթարկվել: Մայիսի 5-ին նրա առողջական վիճակը վատացել էր, եւ մինչեւ շտապօգնության ժամանելը նա մահացել էր: Պարզվել է, որ մայիսի 5-ին Նազարբեկյան թաղամասի թիվ 7 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, Ա. Թադեւոսյանին ձեռքերով ու ոտքերով ծեծի ենթարկել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել 1974 թ. ծնված Արմեն Հ.-ն, ով ձերբակալված է:




Լրահոս