ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Քաղաքային շուկայի տարածքի ընդլայնման շուրջ Իջեւանի քաղաքապետարանի եւ շուկայի տնօրինության դատական հակամարտությունը շարունակվում է: Իջեւանի քաղաքապետարանը 2013թ. քաղհայց էր ներկայացրել «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ի դեմ՝ գործարքն անվավեր ճանաչելու եւ որպես հետեւանք՝ իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջներով: Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի՝ 2005թ. փետրվարի 24-ի թիվ 30 որոշմամբ Իջեւանի Երեւանյան թիվ 1 հասցեում գտնվող 448 քառակուսի մետր մակերեսով հողամասն առանց մրցութային կարգի, 90 տարի ժամկետով, տարեկան ընդամենը 12 հազար դրամ վարձավճարով, վարձակալությամբ տրամադրվել է «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ին՝ շուկայի ընդլայնման նպատակով: 2005թ. մարտի 9-ին Իջեւանի քաղաքապետարանի եւ «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ի միջեւ նոտարական կարգով կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր եւ կատարվել պետական գրանցում: Իջեւանի շուկայի հարեւանությամբ, միջպետական ճանապարհի կողքին գտնվող այդ հողամասի նպատակային նշանակությունը եղել է էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հող, մինչդեռ պետական գրանցման մատյանում եւ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականում հողամասի նպատակային նշանակությունը նշվել է որպես բնակավայրերի: 2013թ. հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանը վճռել է Իջեւանի քաղաքապետարանի հայցը բավարարել, անվավեր ճանաչել Իջեւանի քաղաքապետարանի եւ «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ի միջեւ 2005թվականի մարտի 9-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը եւ որպես հետեւանք անվավեր ճանաչել 448 քմ մակերեսով հողամասի վերաբերյալ 2005թ. մարտի 14-ին կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումը: «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ն այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել: Այս տարվա փետրվարի 6-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է վերաքննիչ բողոքը մերժել եւ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2013թ. հոկտեմբերի 4-ի վճիռը թողնել անփոփոխ: Այս անգամ արդեն շուկայի տնօրինությունը դիմել է վճռաբեկ դատարան, որն էլ ապրիլի 9-ին բողոքը վերադարձրել է` դրանում առկա թերությունների պատճառաբանությամբ: Վճռաբեկ դատարանը դրանք վերացնելու եւ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանել է մեկամսյա ժամկետ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս