ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՀԵՏԱՆՈՒՄ ԵՆ

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչները հայտնեցին, որ իրենք երբեմն դարբնի աշխատանքի կարիք են ունենում, սակայն դարբին չկա։ Ասենք՝ գյուղացու կացնի կամ բահի ծայրը բթացել է, կամ քար ճեղքելու համար սեպ է հարկավոր պատրաստել: Նոյեմբերյան քաղաքի վերջին դարբինը, որը ծեր մարդ էր, մեկ տարի առաջ մահացել է: Իսկ երիտասարդներին այդ ծանր աշխատանքը չի հրապուրում: Հիմա մարդիկ դարբին են որոնում եւ չեն գտնում: Նույն կերպ Նոյեմբերյանի տարածաշրջանում վերացավ բրուտագործությունը: Սահմանամերձ Ոսկեվան գյուղում բրուտագործ վարպետների տոհմ է եղել, որոնց ժառանգներին հիմա կոչում են Բրուտանց: Այդ արհեստի վերջին վարպետը՝ ոսկեվանցի Փաշո Ալեքսանյանը, 1990-ական թվականների սկզբին ցավ էր ապրում, որ իրենից հետո հինավուրց արհեստը կարող է վերանալ: Ցավոք, այդպես էլ եղավ: Մինչդեռ հարեւան Վրաստանում, տներում խմիչքները պահում են կավե ամաններում: Այդ կերպ հեղուկները թարմ եւ անապակ են մնում: Արեւմտյան Վրաստանում, ճանապարհի եզրին կարելի է տեսնել տարբեր չափերի եւ ձեւերի կավե ամանների կույտեր: Զբոսաշրջիկները մեծ հաճույքով են գնում դրանք: Իսկ Տավուշի մարզի բնակիչներն իրենց խմիչքները պահում են քիմիական արտադրանք հանդիսացող պլաստմասե տարաներում: Նախկինում Տավուշի մարզում տարածված է եղել պայտարությունը, հիմա դժվար է գտնել ձիերին պայտող վարպետ: Խորհրդային տարիներին գյուղերում ուռենու շիվերից սալակներ էին պատրաստում: Ներկայումս կողովագործությունը նույնպես անհետացած արհեստ է: Նմանապես վերացել են ամաններ կլայեկելու, փայտից տակառներ, սայլի ակեր պատրաստելու արհեստները: Գյուղերում այլեւս հազվադեպ են դանակ եւ մկրատ սրողները,կտորից եւ կաշվից գլխարկ կարողները, մետաղացանցե ցանկապատ գործողները: Խորհրդային տարիներին կանայք իրենց տներում ազգային ոճով գորգեր եւ կարպետներ էին գործում: Հիմա Տավուշի մարզում քիչ թվով կանայք ու աղջիկներ են գորգեր, կարպետներ հյուսում: Ազգային հինավուրց արհեստներն աստիճանաբար անհետանում են, սակայն այս կարեւոր խնդիրը կարծես ոչ ոքի չի մտահոգում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

ԹՐԹՈՒՐՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ

Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում արտակարգ իրավիճակ է: Գյուղացիները հավաքվել են գյուղապետարանի առջեւ եւ պահանջում են գյուղապետ Մարատ Բաղդասարյանից ազատել իրենց թրթուրներից: Գյուղացիները դժգոհում են, որ խնդրի մասին համապատասխան մարմինները տեղյակ են, սակայն լուծում չեն տալիս: Armlur.am-ի հետ զրույցում գյուղապետը հայտնեց, որ ինքը կապ է հաստատել գյուղնախարարի տեղակալներ Բաղյանի եւ Գառնիկ Պետրոսյանի հետ, ովքեր պատասխանել են, թե գրավոր ուղարկեք պահանջը, դիզվառելիքն ու պարարտանյութերը գնեք ու սրսկում արեք. «Մի հատ ինձ ասեք՝ 250 հեկտարի համար ես ո՞նց էդքան սալյարկա առնեմ: Մի հատ հաշվարկ արեք, տեսեք ինչքան գումար է նստում: Ես ո՞րն առնեմ, ո՞րը դնեմ: Բնակիչները մի քանի մեքենաներով եկել կանգնել են գյուղապետարանի շենքի մոտ, չեմ իմանում` ինչ պատասխան տամ: Ժողովուրդը կանգնած լացումա, ես ի՞նչ անեմ»:

 




Լրահոս