ՆՐԱՆՑ ՏՈ՛ՆԸ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղվանից կմեկնարկեն հայոց բանակի 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումները: Ողջ երկիրը կցնծա, քանի որ նորանկախ Հայաստանում ամենակայացած կառույցներից մեկը նշում է իր 20-ամյակը: Բայց անգամ տոնական տրամադրությունները չեն խանգարի հիշել կյանքի անարդարությունների մասին` արձանագրելով զավեշտալի մի իրողություն, որ այսօր իշխանական բուրգում հայտնված երիտասարդների մեծամասնությունը հայոց բանակում չի ծառայել:
Թերեւս այդ հանգամանքը չի խանգարի, որպեսզի հայոց բանակի տոնական միջոցառումների մասնակիցների եւ հրավիրյալների մեջ լինեն բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հայրենիքին իրենց պարտքը չեն տվել: Նրանք հաստատ կզբաղեցնեն տոնական միջոցառումների դահլիճների առաջին շարքերի պատվավոր տեղերը, ոմանք անգամ պաթոսով լի ելույթներ կունենան` հայոց բանակը կոչելով մեր պետականության ամենակարեւոր հիմնասյուներից մեկը եւ բանակի դեմ ցանկացած քննադատություն կհամարեն ազգային դավաճանություն:
Դահլիճում նստածներն, անշուշտ, կծափահարեն` լավագույն դեպքում մտքում մի քանի քաղցր խոսք ասելով բանակից կիլոմետրերով հեռու ճարտասանների հասցեին: Սակայն իր դժգոհությունը ոչ ոք չի բարձրաձայնի, քանի որ արդեն իսկ բոլորին է հայտնի, որ գործող իշխանությունների համար հայոց բանակում ծառայել-չծառայելը ոչինչ չի նշանակում: Այսօր արագընթաց կարիերա անելու համար հայոց բանակում ծառայելը ոչ միայն պարտադիր, անգամ ցանկալի էլ չէ: Դրա վառ ապացույցն իշխանության ամենավերին օղակներում մեկը մյուսի հետեւից ընդգրկվող չծառայած երիտասարդներն են: Նրանց ամբողջական ցուցակը դժվար է ներկայացնել, քանզի այն օրեցօր համալրվում է բանակից խույս տված նորանոր դեմքերով` շնորհիվ ամենազոր պապաների:
Մեզ մնում է կոչ անել սույն պարոններին, որպեսզի գոնե բանակին նվիրված միջոցառումներին չմասնակցեն: Փոքր-ինչ տգեղ է:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
շարունակելի




Լրահոս